Միշտ էլ թարմացվում է զինանոցը նոր տեսակներով՝ և՛ քանակական, և՛ որակական առումով. Լևոն Մնացականյան
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը վստահեցնում է՝ զինանոցը միշտ էլ թարմացվում է, եղած միջոցները, ռազմական տեխնիկան նորմալ է, ունենք տարբեր գործողությունների, տարբեր խնդիրներին համահունչ միջոցներ:
Նա այդ մասին ասաց ՀՀ նախագահի նստավայրում անկախության օրվա կապակցությամբ պարգևատրման պաշտոնական արարողության ժամանակ:
«Միշտ էլ թարմացվում է զինանոցը նոր տեսակներով՝ և՛ քանակական, և՛ որակական առումով»:
Անդրադառնալով լրագրողների՝ սննդի և հագուստի հետ կապված հարցին՝ Մնացականյանը նկատեց, որ այս հարցը նախկինում էլ միշտ ուշադրության կենտրոնում էր:
«Ծնողներից ևս լինում են բողոքներ. աշխատում ենք բոլոր հարցերով արձագանքել, ստուգումներ անցկացնել և եզակի դեպքերում, որ դրանք համապատասխանում են իրականությանը»,- ասաց Մնացականյանը՝ հավելելով, որ սննդի տեսականին ավելացել է։