«Դուխովից» բացի, պետք է լինել նաև «խելքով»․ կադրերն ընտրվել են «քայլելու» համար
Համացանցում օրեր առաջ տարածվեց տեսանյութ, որտեղ դրվագ էր՝ վարչապետի՝ Արարատի մարզ կատարած այցելությունից։ Նիկոլ Փաշինյանը հարցնում էր, թե մարզում քանի հեկտար տարածք է ոռոգվում կաթիլային ճանապարհով ու քանի հեկտար ծածկույթ են ապահովում հակակարկտային կայանները։ Ոչ ոք՝ ո՛չ նորանշանակ մարզպետ Գարիկ Սարգսյանը, ո՛չ գյուղնախարարը, ո՛չ գյուղվարչության ներկայացուցիչներն ու ո՛չ էլ գյուղացիները չկարողացան պատասխանել այս պարզ ձևակերպված հարցին։ Իսկ այս ամենի կուլմինացիան այն էր, որ մարզպետը պատասխանեց, թե մարզում 40 հազար հեկտար տարածք է ոռոգվում։
Տեսանյութը դիտելով՝ ոմանք մի կուշտ ծիծաղեցին, ոմանք քննադատեցին, ոմանք էլ պարզապես անհույս թափ տվեցին իրենց ձեռքն, ու ամեն ինչ կարծես մոռացվեց։
Իրականում սա մեր ողբերգությունն է։ Փաշինյանի նշանակած կադրերը մեկը մյուսի հետևից փուչիկի նման պայթում են։ Այս միջադեպն էլ հերթական անգամ փաստեց, որ ոչ ոք իր տեղում չէ։
Ավելին չէր էլ կարելի սպասել մի մարզպետից, ում, գյուղացիների խոսքով, խոպաններից բերել, մարզպետ են նշանակել։ Ու երբ այս և սրա նման դեպքերի մասին բարձրաձայնվում է կամ քննադատվում, անմիջապես արձագանքում են, թե հակահեղափոխություն եք անում։ Ի՞նչ հակահեղափոխության մասին է խոսքը, երբ կադրերի մեծ մասը նշանակվել են «քայլելու» համար, և հաշվի չեն առնվել նրա մասնագիտական հնարավորությունները։
Սա միակ դեպքը չէ, այլ ընդամենը մի փոքրիկ դրվագ է, որն ի ցույց է դնում կադրային քաղաքականության դառը պտուղները, երբ պաշտոնի նշանակելիս գնահատում են ո՛չ թե մասնագիտությունը, այլ այն, որ նա լավ մարդ է, կամ որ եղել է հեղափոխական շարժման ակունքում։
Այս վիճակը միայն Արարատի մարզում չէ․ պատկերը նույնն է և՛ մյուս մարզերում, և՛ նախարարությունում։
Արմավիրի մարզպետը տատասկը բանջարից չէր տարբերում, նորընտիր նախարարները չեն զիջում մեկը մյուսին իրենց անհեթեթ հայտարարություններով ու որոշումներով, որոնք չեղարկվում են՝ անմիջապես ընդունվելուց հետո։ Էլ չենք խոսում այն կադրերի մասին, որոնք իրենց դիմումների համաձայն, բայց պարտադրված, հեռացան աշխատանքից, քանի որ պարզվեց, որ գործից գլուխ չեն հանում ու չեն գիտակցում, թե որտեղ են հայտնվել։
Եթե այս կադրերի անգրագիտության դեմ բոյկոտեն՝ կասեն, թե սաբոտաժ է, հակահեղափոխության փորձ։
Ինչ վերաբերում է Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանին, ապա նա էլ հասարակությանը բաժանեց սև ու սպիտակի՝ առանց հասկանալու, որ սպիտակը բոլոր գույների համադրությունն է, այդ թվում՝ սևի։ Ինչպիսի քաղաքապետ կստացվի նրանից, ցույց կտա ժամանակը։
Հարկ է նկատել միայն, որ կադրերի հարցում «դուխովից» բացի, պետք է գործել ու լինել նաև «խելքով»։