Ո՞ւմ հրահանգով էր այս մասկի-շոուն
«Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ արդեն նախկին տնօրեն Արա Վարդանյանը տևական դադարից հետո այսօր կրկին հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում։
Նախ՝ առավոտյան Դատախազությունը սխալ տեղեկատվություն հանրայնացրեց՝ նշելով, որ Վարդանյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, ինչը, պարզվեց՝ շփոթմունք էր, իսկ ավելի ուշ՝ կայքերից մեկը, կարելի է ասել, սկանդալային բնույթի տեղեկատվություն հրապարակեց։
168․am-ի տեղեկություններով՝ այս տարվա հուլիսի 2-ին Արա Վարդանյանին Հայաստանի ԱԱԾ աշխատակիցները ձերբակալել և ուղեկցել են ԱԱԾ հենց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընդունարանից։
Պարզվում է՝ Արա Վարդանյանը դիմել է Փաշինյանի հետ հանդիպման խնդրանքով, որպեսզի քննարկեն «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-հեռուստամարաթոնի այս տարվա կազմակերպչական աշխատանքները։ Հանդիպումը նշանակվել է և Վարդանյանը ներկայացել է։ Վարչապետը զբաղված է եղել, առաջարկել են սպասել՝ մինչև նախորդող հանդիպումն ավարտվի, սակայն ընդունարանում նրան են մոտեցել ԱԱԾ աշխատակիցները և առաջարկել հետևել իրենց։
Եթե այս տեղեկությունը հաստատվի, ապա կստացվի, որ Փաշինյանի կառավարման տարիներին կարևոր պաշտոններ զբաղեցնող ՀՀ քաղաքացիները պետք է նախքան վարչապետ Փաշինյանի հետ հանդիպում ունենալը, մի լավ ծանր ու թեթև անեն, քանի որ Արա Վարդանյանի նման նրանցից ոմանց գուցե Կառավարության շենքում դիմավորեն ԱԱԾ-ի սև համազգեստավոր ջլապինդ տղաները։
Եթե կայքի տեղեկատվությունն իրականության հետ աղերսներ չունի, ապա և ԱԱԾ-ն և Կառավարությունը պետք է դրան արձագանքեն՝ հերքելով Փաշինյանի «գործ տվոցին»։
Իսկ եթե կառավարությունը չապացուցի վերը հրապարակվածը, ապա կստացվի, որ գործ ունենք իշխանական շոուների, ձերբակալության տեսարանների և գործ անելու իմիտացիայի հետ ընդամենը։