Փաշինյան-Ալիև հանդիպումը չպետք է ինքնանպատակ լինի. Տիգրան Բալայան
Որպեսզի Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը հանդիպեն, ապա այդ հանդիպումը չպետք է ինքնանպատակ լինի, պետք է ունենա բովանդակություն: Այդ մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը
«Բովանդակություն լինելու պարագայում պետք է լինեն պայմանավորվածություններ, օրինակ՝ սկզբունքների կարգավորման վերաբերյալ: Մենք ունենք տասնամյակների դառը փորձ՝ ինչպես ենք պայմանավորվում, հետո Ադրբեջանը հետ է կանգնում: Այո՛, Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից շեշտել է, որ պետք է կատարվեն ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները: Խոսքը վերաբերում է ապրիլյան ագրեցիայից հետո գագաթնաժողովներին ձեռք բերված պայմանավորվածություններին: Խոսքը միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների և թվաքանակի ավելացման մասին է»,- ասաց ԱԳՆ մամուլի խոսնակը:
Բալայանն ընդգծեց, որ կրկին պետք է արձանագրել, որ Ադրբեջանը 2016 թվականից մինչ օրս արգելափակում է այդ բանակցությունների իրականացումը:
«ԵԱՀԿ ֆինանասական կոմիտեում քննարկումների ժամանակ, որ պետք է որոշում կայացվի ավելացնելու գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ֆինանսավորումը, Ադրբեջանը միակ երկիրն է, որն արգելափակում է այդ որոշման կայացումը: Խոսքը վերաբերում է դրանց՝ այդ պայմանավորվածություններին, և մենք կարծում մենք, որ հարկավոր է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք բարենպաստ մթնոլորտ կստեղծեն խաղաղ գործընթացն առաջ մղելու համար: Այս հարցերը մեր կողմից դրվելու են Նյու Յորքում կայանալիք հանդիպմանը»,- նշեց Տիգրան Բալայանը: