Բանակի կողմից կրակած պարկուճները կեղծվել են, բայց Քոչարյանն իրավունք ունի հրաժարվել ցուցմունք տալուց․ ՀՔԾ պետ
Հարցաքննումը չի կարող լինել ինքնանպատակ, այսինքն՝ անձը կանչվում է հարցաքննության, երբ կան նրան տրվելիք հարցեր։ Այսպես պատասխանեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը լրագրողների այն հարցին, թե քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանն ինչո՞ւ Մարտի 1-ի գործով չի կանչվել հարցաքննության դեռ իր պաշտոնավարման ժամանակ։
ՀՔԾ-ի պետը նկատում է, որ նրան կարող էին հարցաքննել՝ ելնելով հանգամանքերից, իսկ այն ժամանակ, երբ նա դեռ պաշտոնավարում էր, ՀՔԾ-ին հայտնի չէին այդ հանգամանքները և հարցաքննության անհրաժեշտություն չկար։ Հարցին, թե կներգրավվի՞ գործում Վահագն Հարությունյանը՝ որպես մեղադրյալ, Սասուն Խաչատրյանը պատասխանեց․
«Անձին որպես մեղադրյալ գործում ներգրավելու հիմքն ապացույցների բավարար համակցությունն է, խնդրում եմ ուշադիր լինել՝ ո՛չ ասեկոսեները, ո՛չ օպերատիվ տվյալները, ո՛չ որևէ այլ տվյալներ, այլ միայն քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված հստակ ընթացակարգերով ձեռք բերված ապացույցների բավարար համակցությունն է հիմք տալիս անձին ներգրավել որպես մեղադրյալ։ Կարծում եմ՝ սրանից ավել բան չեմ կարող ասել»։
Սասուն Խաչատրյանը ևս մեկ անգամ պնդում է, որ բանակը ներգրավված է եղել Մարտի 1-ի գործողություններին, սակայն վստահաբար չի հայտարարում, որ գործով նշված կրակված 1000 փամփուշտները հենց զինվորների զենքից են արձակվել։ Ամեն դեպքում, գոնե ՀՔԾ պետի համար, կասկած չկա, որ բանակի կողմից կրակած պարկուճները կեղծվել են:
«Ես հիմա չեմ կարող ասել, որ հենց այդ 1000 պարկուճն էլ բանակի զենքերն են եղել, բայց առնվազն 1000 իրեղեն ապացույց հանդիսացող պարկուճ փոխվել է, փոխարինվել են ներքին զորքերի սպառազինության մեջ գտնվող հրազեններից կրակված պարկուճներով: Իրականում այս բացահայտումը շատ կարևոր է, որովհետև փորձ էր արվել ամբողջությամբ կոծկելու ապացույցները և կոտրելու գործի ողնաշարը»,-ասաց Սասուն Խաչատրյանը:
Հարցին, թե Ռոբերտ Քոչարյանը չի՞ հարցաքննվելու, հաշվի առնելով այն, որ մինչ այդ նա հայտարարում էր, որ բանակը ներգրավվածություն չի ունեցել, իսկ այսօր այլ հանգամանքներ են ի հայտ եկել, Սասուն Խաչատրյանը նկատեց, որ Ռոբերտ Քոչարյանն այս գործի շրջանակում հրաժարվում է ցուցմունք տալուց, և դա նրա իրավունք է։ Ինչ վերաբերում է մյուս հավանական հարցաքննվողներին, ապա ՀՔԾ պետը, գոնե առայժմ, հրաժարվեց անուններ տալուց և որևէ մեկնաբանություն անելուց։