Ինչպես է Փաշինյանն «օգտագործում» Սիլվա Համբարձումյանին. կրկեսը շարունակվում է
Օրերս, երբ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարեց, որ առաջիկայում պատգամավոր է կալանավորվելու խոշոր կաշառքի գործով՝ շատերը սլաքները ուղղեցին Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի վրա:
Դրան հաջորդեցին նաև գործարար Սիլվա Համբարձումյանի հրապարակային ելույթները, որով հավաստում է, թե ինքը հանքերի շահագործման լիցենզիա ստանալու համար 14 մլն դոլար կաշառք է տվել Հարությունյանին: Գործն, իհարկե, նոր չէ, կաշառքը տրվել է 2008 թվականին այլևայլ ճանապարհներով՝ ինչ-որ անհայտ ծագմամբ Արաքս Դիլանյանի հաշվին է նստեցվել, բայց այն կրկին ջրի երես է եկել նոր իշխանություններին սատարելու միտումով:
Շատերն են խոսում այսօր, թե ինչո՞ւ է Սիլվա Համբարձումյանը տուժողի կարգավիճակում և իրավական պատասխանատվության չի ենթարկվում կաշառք տալու համար: Բանն այն է, որ կաշառքը տրվել է 2008 թվականին, իսկ մինչև 2011 թվականը կարգավորող օրենսդրություն չի եղել, այսօրվա գործող օրենքն էլ չի կարող հետադարձ ուժ ունենալ: Այս է պատճառը, որ Սիլվա Համբարձումյանը բարձրաձայնում է կաշառքի թեման և այդ կերպ իր աջակցությունը ցուցաբերում նոր իշխանություններին: Չէ՞ որ նորերին պետք են նոր բացահայտումներ` կլորիկ թվերին վերաբերող:
Իհարկե, կաշառքի գործի զարգացումները բավականին հետաքրքիր են. պետք է քննվի և Արամ Հարությունյանը պատասխանատվության ենթարկվի՝ սա միանշանակ, իսկ Սիլվա Համբարձումյանի միլիոնները ևս չպետք է առանց ուսումնաիրության մնան: Վարչապետ Փաշինյանn իր կառավարման շրջանում բազմիցս է իր մտահոգությունն արտահայտել էկոլոգիական խնդիրների առումով, արդյոք նրան չի՞ հետաքրքրում Սիլվա Համբարձումյանի հանքերի միջոցով մեր երկրին հասցրած վնասի չափը, թե՞ նրան այս պահին անհրաժեշտ է միայն ուրիշի ձեռքով կրակից շագանակ հանել:
Հերիք չէ, որ Սիլվա Համբարձումյանի միլիոնները դեռևս քննության չեն առնվել, մի բան էլ պետությունն անվտանգության աշխատակիցներով է ապահովում նրան՝ մարդ ես, հանկարծ մեկին 1000 դոլար չտան իրեն խփելու համար, չէ՞ որ Փաշինյանի համար դեռ շատ ինֆորմացիաներ ունի տալու Սիլվա Համբարձումյանը:
Մեզ մնում է միայն հետևել կրկեսի հաջորդ համարներին: