Մեզ ասացին՝ այդպես էր պետք․ Սփյուռքի նախարարությունը լուծարվում է․ բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց (տեսանյութ)
Նախկիններից մնացած գործելաոճ է՝ կա՞ նախարար՝ կստեղծեն նախարարություն, չկա՞ նախարար՝ նախարարությունը կլուծարեն։
Այս կարծիքին են Սփյուռքի նախարարության մի քանի տասնյակ աշխատակիցներ, ովքեր Ամանորի շեմին կանգնել են գործազուրկ դառնալու առջև:
Կառավարության համապատասխան որոշման համաձայն՝ լուծարվում են Սփյուռքի և Մշակույթի նախարարությունները, որոնց աշխատակիցները բողոքի ակցիա են կազմակերպել կառավարության դիմաց։
Այն, որ կառավարությունն ուռճացված է, գործազրկության շեմին կանգնած աշխատակիցները չեն առարկում, սակայն նկատում են, որ դա եկել է խորհրդային ժամանակաշրջանից, և այսօր պարզապես պետք է հասկանալ, թե որտեղ են եղել ուռճացումները և համապատասխան կրճատումներ անել ու ոչ թե մի ամբողջ նախարարություն լուծարել։
Կառավարման փորձագետ Սերոբ Անտինյանն էլ լրագրողների հետ զրույցում նկատեց. «Մենք պետական համակարգի աշխատողներ ենք և նույնիսկ հեղափոխության օրերին ոչ մի րոպե չենք թուլացել ու ծառայություն ենք մատուցել հասարակությանը, իսկ այսօր նախարարությունը լուծարում են»։
Նախարարության մեկ այլ աշխատակից էլ նկատում է, որ իրենք որպես հանրային ծառայություններ մատուցող աշխատողներ՝ 100-200 հազար դրամ աշխատավարձով երբեմն նույնիսկ անձնական շահերն անտեսելով ու անձնականը ամբողջովին մի կողմ դնելով՝ սպասարկել են հանրությանը, և այսօր իրենց գործազրկությունն է սպառնում։
«Լծվենք պետական աշխատանքի մեջ, ու պետությունը մեզ խնդրի առաջ կանգենեցնի՞։ Մենք արդեն պատրաստել ենք դիմում-նամակ՝ վարչապետին ներկայացնելու համար։ Աշխարհի տարբեր հատվածներում ունենք հազարավոր սփյուռքահայեր և կան նաև կառույցներ, որոնց հետ երկար տարիներ աշխատել ենք, ու բոլորն էլ վստահեցրել են, որ այս կառույցը պետք է հզորացնել, մինչդեռ լուծարում են՝ ուրախացնելով թշնամուն։ Սփյուռքի հետ կապը թուլացնել՝ նշանակում է թուլացնել նաև երկիրը»,- ասաց աշխատակիցներից մեկը։
Նրանք պատրաստվում են պայքարել այնքան, մինչև կհասնեն շոշափելի արդյունքի։ Անգամ պատրաստվում են սփյուռքին ներգրավել այս ակցիայում։
Նկատենք նաև, որ նրանց հարցին, թե ինչո՞ւ լուծարեցիք նախարարությունը, պատասխանել են՝ այդպես էր պետք։
«Մենք պետք ենք, ո՛չ թե որ մենք ենք այդպես ուզում, այլ նրա համար, որ մեր անհրաժեշտությունը կա․․․ մեր նախարարությունն արդեն ռազմավարական նշանակություն ունի»,-ասացին աշխատակիցները։