Խմբագիր Նիկոլ Փաշինյանը հերթական «սենսացիոն» լուրն է հրապարակել
Վիգեն Սարգսյանի ասած՝ «խմբագրի մակարդակից դուրս չեկած», բայց վարչապետի պաշտոնում բազմած Նիկոլ Փաշինյանը հերթական սենսացիոն լուրն է հրապարակել։ Նա մի փոքր սրտնեղել է, որ իր հերթական հաջողությունը չի արձանագրվել և հարկ է համարել հատուկ ընդգծված գրել այդ մասին։
Բանն այն է, որ, ըստ Նիկոլ Փաշինյանի հետաքննության՝ առաջին անգամ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեն վիճարկվել Սահմանադրական դատարանում:
«Հաշվարկային մեկնակետը 1996 թվականն է, երբ ստեղծվեց Սահմանադրական դատարանը: Դրանից հետո ԱԺ բոլոր ընտրությունների արդյունքները վիճարկվել են ՍԴ-ում: 2018-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները միակ բացառությունն են»,- գրել է նա՝ մոռանալով նույն ժրաջանությամբ խոսել 7 միլիարդի հասնող արտաքին պարտքի, կրճատվող նախարարություններից դուրս մնացող գործազուրկների և գազի գնի՝ 50 տոկոսով բարձրացվելու վտանգի մասին։
Իհարկե, Փաշինյանը կարող է ասել՝ ինչպես ՀԱՊԿ նախագահի պաշտոնը մեզ համար առաջնայնություն չէ, այնպես էլ գազի գինը, և որ ռուսները պարզապես վատություն են անում, բայց պետք է նկատել, որ դա հասարակ ժողովրդի կյանքի որակն է ավելի վատացնելու։ Դա, իհարկե, ժողովրդի իշխանությանը չի խանգարում, կարևորն այն է, որ Նիկոլ Փաշինյանի կադրերը կարողանան առաջին բորտով ուղևորություններ կազմակերպել, ԱՄՆ-ում լավ ժամանակ անցկացնել նախարարարական պորտֆելներով, ապա վերադառնան՝ նախարարությունները փակելու, կամ էլ վերջին դասի ծառայողական մեքենաներից օգտվելու։ Հանուն սրա Նիկոլ Փաշինյանն արեց այս հեղափոխությունը, որովհետև եկել էր իր թիմի «ուտելու» ժամանակը։
Նրա այս թեթևամիտ գրառումները ցույց են տալիս, որ Փաշինյանը դեռևս դուրս չի եկել ընդդիմադիր խմբագրի մակարդակից և չի ադապտացվել իր պաշտոնին, այլապես կփորձեր առնվազն ձևացնել, որ իրեն մտատանջում է ժողովրդի վատ կենսամակարդակը, հարկային այն օրենսգիրքը, որը բերելու է իր իշխանության տապալմանը։
Ի դեպ, որոշ շրջանականերում լայնորեն քննարկվում է Հարկային նոր օրենսգրքի դեմ բունտ կազմակերպելու հնարավորությունը, որը կարող է ոսկոր դառնալ Փաշինյանի կառավարության կոկորդին։
NEWSPRESS.am