Խոհեմություն մեր ազգին ու մեր երկրի ղեկավարներին․ Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
Սիրելի հայրենակիցներ, ընթերցողներ, գործընկերներ, մեր հայ ժողովուրդ,
NEWSPRESS.am կայքի ողջ անձնակազմը՝ հիմնադիր-տնօրեն Արիանա Հովսեփյանի գլխավորությամբ, բոլորին ջերմորեն շնորհավորում է Նոր տարվա և գալիք սուրբծննդյան տոների կապակցությամբ:
Մաղթում ենք, որ 2019 թվականը լինի ուսումնական, աշխատանքային, ստեղծագործական, ու ընդհանրապես, մեծ նվաճումների ու հաջողությունների տարի։
Թող առողջ լինի մեր հասարակությունը, թող բոլորի նվիրական երազանքներն իրականանան, թող բոլորի ընտանիքներում լինի համերաշխություն և ամենակարևորը՝ խաղաղություն երկու հայկական պետություններում:
2018 թվականն այլևս պատմություն դարձավ՝ թերթելով հայ հասարակության ինքնիշխան պետականություն ու արդար երկիր ունենալու երազանքի ևս մեկ էջ։ Թող 2019 թվականը իր վերջնակետին հասցնի բոլորիս անկատար երազանքը։
Թող ոչ մի արհավիրք չխաթարի մանուկների ոսկե հեքիաթը։
Թող Նոր տարին արգասաբեր լինի ողջ հայության համար, լինեն նրանք թե՛ սփյուռքում, թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում։ Թող հայությունը չբաժանվի ճակատների, թող աշխարհի հայությունն ունենա միայն մի բանակ, որը հակառակորդներից կպաշտպանի մեր հայրենիքի սահմանները։
Խաղաղություն ու անամպ երկինք մեր սահմանին։ Քաջություն, անկոտրուն կամք ու անձնվիրություն զինվորին։ Թող չոր մնան զինվորին սպասող մոր, քրոջ, եղբոր ու հոր աչքերը։
Սեր, համերաշխություն, համբերություն, հանդուրժողականություն, խոհեմություն մեր ազգին ու մեր երկրի ղեկավարներին:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ