Արդարադատությունից խուսափում են․ Ռ․ Քոչարյանի գործը քննող դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը բավարարվեց
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունը քննող դատավոր Նելլի Բաղդասարյանին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը բավարարվել է։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը:
Երեկվա դատական նիստին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրել էր մեղադրող դատախազը։ Դատարանը դուրս եկավ նիստերի դահլիճից միջնորդությունը քննարկելու և նիստը հետաձգվեց մինչև այսօր՝ ժամը 14։00-ն:
«Որոշման հիմնավորումները հայտնի չեն դեռ: Իմ կարծիքով՝ խոսքն արդարադատություն իրականացնելուց խուսափելու մասին է, որովհետև որևէ նոր բան, ինչը երեկ հնչեցվել է, չի եղել։ Իսկ այդ բոլոր հանգամանքները դատարանին հայտնի էին ամսի 28-ի քննության ժամանակ, և եթե դատարանը գտնում էր, որ այդ հանգամանքները խոչընդոտում են իր անկախությունը, ինքը կարող էր ինքնաբացարկ հայտնել դեկտեմբերի 26-ին, 27-ին և ոչ թե հետաձգեր նիստը»,-ասաց Օրբելյանը:
Նկատենք, որ Քոչարյանն այսօրվա նիստին ևս չէր ներկայացել: