Հայ-ադրբեջանական սահմանին ականի պայթյունից բնակիչը կորցրել է ոտնաթաթը. մանրամասներ
Տավուշի մարզի Բարեկամավան գյուղում այսօր ականի պայթյունից ոտնաթաթը կորցրել է բնակիչներից մեկը: Այս մասին տեղեկացանք գյուղի ֆեյսբուքյան էջից:
«Այսօր՝ ժամը 15։00-ի սահմաններում, հայ֊ադրբեջանական սահմանին ականի պայթյունից վիրավորվել է Տավուշի մարզի Բարեկամավան համայնքի բնակիչ Արման Խալաթի Միքայելյանը։ Բարեբախտաբար, կյանքին վտանգ չի սպառնում..
Պայթյունի հետևանքով պոկվել է ոտնաթաթը։ Նրան հնարավոր է եղել դեպքի վայրից դուրս բերել միայն համապատասխան ստորաբաժանման միջոցով՝ 18։00-ի սահմաններում..
Այժմ գտնվում է Նոյեմբերյանի հոսպիտալում։
Ավելի ուշ կտեղեկացնենք Արմանի առողջական վիճակի մասին»,-գրված է Բարեկամավանի ֆեյսբուքյան էջում։
Հավելենք, որ Բարեկամավանի գյուղապետ Ջոնիկ Միքայելյանի փոխանցմամբ՝ Բարեկամավանի բնակիչ Արման Խալաթի Միքայելյանը հոգեկան խնդիրներ ունի: Նա մոտեցել է սահմանին, փշալարը անցել և կանգնել ականի վրա, որի պայթյունի հետևանքով վիրավորվել և կորցրել է ոտնաթաթը։ Ներկա պահին Նոյեմբերյանի հոսպիտալում վիրահատում են Արման Միքայելյանին։