Նիկոլ Փաշինյանը նոր մամուլի քարտուղար ունի
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վլադիմիր Կարապետյանը նշանակվել է վարչապետի մամուլի քարտուղար: Համապատասխան որոշման մեջ, մասնավորապես ասված է.
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝
Վլադիմիր Կարապետյանին նշանակել վարչապետի մամուլի քարտուղար»:
Կարապետյանն իր հերթին այդ առթիվ ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մի քանի օր առաջ ստացա վարչապետի առաջարկությունը՝ գլխավորելու իր մամուլի ծառայությունը: Եթե ասեմ՝ անսպասելի էր, ոչ մի բան ասած չեմ լինի: Ընդունեցի առաջարկությունը: Առաջին հերթին խորհրդակցեցի իմ համախոհ ընկերների հետ Կոնգրեսի գրասենյակում: Ավելորդ է ասել, որ ունեցա աջակցություն և լիակատար ըմբռնում:
Պետական ծառայությունը ենթադրում է որոշ գրված և չգրված սահմանափակումներ, դրանցից է կուսակցական գործունեությունը և ես որոշել եմ կասեցնել այն պետական ծառայության ընթացքում:
Ինձ համար պատիվ է վերադառնալ պետական ծառայություն: Շնորհակալ եմ վարչապետ Փաշինյանին նման առաջարկի համար»»: