Խելքին աշեցեք՝ հասավ հիմնին, էլ անելիք չունի
Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն առաջարկում է Հայաստանի պետական օրհներգը փոխել և այն փոխարինել սովետական Հայաստանի հիմնով։
Սա լավ քայլող Ալեն Սիմոնյանի հերթական անիմաստ արտահայտությունն է, որին, գուցե, հաջորդի նաև Հայաստանի դրոշը փոխելու հարցը։ Եթե մի շրջանի ոչ պետական հիմնի փոփոխության մասին խոսում է փորձագետը կամ ոչ պետական պաշտոնյան, դեռ կարող է ընկալելի լինել, բայց երբ պետության առանցքային պաշտոնը զբաղեցնող պաշտոնյան՝ Ազգային ժողովի փոխնախագահը, նման անպատասխանատու հայտարարություն է անում, չի կարող ընկալելի լինել հասարակության համար։
Չէ՞ որ ցանկացած պետական պաշտոնյա պետք է պատասխանատվություն կրի իր ասած ցանկացած արտահայության համար, այս դեպքում՝ պետական խորհրդանիշի վերաբերյալ ասվածի համար։
Հարց է առաջանում՝ Սիմոնյանը Հայաստանի հիմնի, դրա հետ կապված պատմությանն ու սիմվոլիկային արդյոք ծանոթ չէ՞, չգիտի՞ ԱԺ փոխնախագահը, թե ինչո՞ւ է «Իտալացի աղջկա երգը» դարձել մեր պետական հիմնը․ եթե չգիտի, խորհուրդ կտանք կարդալ Հայաստանի ինքնապաշտպանական մարտերի պատմությունը, գուցե այդ ժամանակ հրաժարվի Արամ Խաչատրյանի ստեղծագործության հիման վրա ստեղծված սովետական հիմնն անկախ Հայաստանի հիմնով փոխարինելու գաղափարից։
Այս հարցի վերաբերյալ հետաքրքիր է նաև լսել այն բազմության ամբողջական գնահատականը, որը քվե է տվել և ալենսիմոնյանական տեսակը մտցրել խորհրդարան։
Նման արտահայտություններ անելուց հետո, ակամա մտածում ես՝ կամ Սիմոնյանը Ալենն ազգի պատմությանը ծանոթ չէ, կամ սա հայ-ռուսական աննախադեպ հարաբերությունների արդյունք է։
Իսկ խոշոր հաշվով՝ Ալեն Սիմոնյանը նման անիմաստ ելույթներ ունենալով փաստում է, որ խորհրդարանում անելիք չունի, պարապ վախտի խաղալիք է դարձրել հիմնի հարցը՝ փոխարեն երկրի սոցիալ-տնտեսական քաղաքականությունը դոփած տեղից պոկելու համար քայլեր անի, որպես Հայաստանի 80 տոկոսի վստահությունն ստացած քաղաքական ուժի կարկառուն ներկայացուցիչ։
NEWSPRESS.am