«Եթե բոլորն ասում են, որ ճիշտ է, չի նշանակում, որ նրանք ճիշտ են, այդ ամենը կեղծ է և սուտ». ԿԳ նախարարը՝ իր և հոգևորականի միջադեպի մասին
Դասղեկական ժամերը նախատեսված են ո՛չ թե հոգևոր քարոզ իրականացնելու համար, այլ կազմակերպչական հարցեր լուծելու համար:
Այդ մասին լրագրողների հետ զրույցում կառավարության նիստից հետո ասաց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Արարատի մարզի Այգեստան գյուղի դպրոցում իր և համայնքի հոգևոր հովվի միջև տեղի ունեցած միջադեպին:
Ըստ նախարարի՝ քահանան հոգևոր ժամ անցկացնելու գործառույթ չունի դպրոցում: Բացի այդ, Հարությունյանը պնդում է, որ ինքն առհասարակ քահանայի հետ երկխոսության մեջ չի մտել, այլ խոսել է միայն տնօրենի հետ: Միևնույն ժամանակ չի հերքում, որ քահանային ասել է, թե դպրոցն աշխարհիկ կառույց է և նրա հետ ձեռքսեղմումով է բաժանվել:
«Դուք ավելի լավ է այդ քահանայի մասին տեղեկություն հավաքեք ու պարզեք, թե ինքն ինչ տեսակի մարդ է»,- հորդորեց նա լրագրողներին:
Նա նաև հայտարարեց, որ թեմայի շուրջ հրապարակված բոլոր հոդվածները, որոնց մեջ կա զրպարտություն, ինքն արդեն հանձնարարել է հավաքել և պատասխանատվության ենթարկել այն հրապարակողներին:
«Այս խոսակցության հետ կապ չունեցող քահանաները ևս պետք է ներողություն խնդրեն, ու ես այդ հարցը բարձրացրել եմ»,-ասաց նա:
Ըստ նախարարի՝ շատ են թույլ տվել, որ եկեղեցին մտնի դպրոց և բանակ: Նրա խոսքով՝ դա Սահմանադրության խախտում է և այլևս թույլ չեն տա, որ ՀՀ-ում չհարգեն Սահմանադրությունը և օրենքները:
«Ես կարևորում եմ բոլոր հայագիտական առարկաները, պարզապես բոլոր հայագիտական առարկաները վերանայվելու են ուսումնական ծրագրերում»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է քահանայի հետ միջադեպին, ապա Արայիկ Հարությունյանը հայտարարեց.
«Եթե բոլորը այնտեղ են եղել, խոսում են այդ մասին ու ասում, որ ճիշտ է՝ դա չի նշանակում, որ նրանք ճիշտ են. խոսակցությունները կեղծ են ու սուտ»: