Խուան Գուայդոն Վենեսուելայի խորհրդարանի նախագահն է. Դմիտրի Պեսկով
Խուան Գուայդոն Վենեսուելայի խորհրդարանի նախագահն է, այլ ոչ թե երկրի նախագահը, սա Կրեմլի տեսակետն է: Այս մասին հայտարարել է Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Նա հավելել է, որ Նիկոլաս Մադուրոն է Վենեսուելայի պաշտոնական նախագահը: Պեսկովը նշել է նաև, որ անկախ նրանից, թե Վենեսուելայում ինչ զարգացումներ կլինեն, Ռուսաստանը հույս ունի, որ հետագայում էլ կշարունակվի Վենեսուելայի հետ տնտեսական ու քաղաքական համագործակցությունը:
Ավելի վաղ Խուան Գուայդոն իր ելույթում նշել էր, որ Վենեսուելայում իշխանափոխությունն օգուտ կբերի նաև Ռուսաստանի հետ հարաբերություններում: Նա նշել էր նաև, որ համապատասխան հաղորդագրություններ է ուղարկել Ռուսաստանին ու Չինաստանին, որով հավաստիացնում է, որ իշխանափոխության դեպքում էլ Վենեսուելան կկատարի իր գործընկերների հետ ստանձնած պարտավորությունները: