Կառավարության ներկայացրած ծրագիրը քվեարկության չդրվեց և ԱԺ չուղարկվեց
Այսօր` փետրվարի 6-ին, կառավարության քննարկմանն էր ներկայացվել կառավարության հինգ տարվա ծրագիրը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նկատեց, որ ծրագրում արտացոլված են կառավարության հիմնական նպատակները, խնդիրները, առանցքային քայլերը, արժեհամակարգը, որին ձգտելու է կառավարությունը:
«Առաջիկա հինգ տարիներին կառավարության գործունեությունն ուղղված է լինելու բարձր տեխնոլոգիաների, արդյունաբերության, բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխան արտահանմանը, իսկ հետո դրանցից բխող միջոցառումները կհաստատվեն»,-ասաց նա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ կառավարությունը երկար ժամանակ աշխատել է ծրագրի վրա, սակայն այն դեռ մշակման կարիք ունի:
«Կունենանք անհրաժեշտություն ոճական, բառապաշարային առումով սինքրոնացնելու և դե յուրե ժամանակ ունենք խմբագրական բնույթի աշխատանքներ անելու: Մենք պետք է աշխատենք, որ ծրագրի ձևակերպումները լինեն մաքսիմալ պարզ»,- ասաց նա:
Փաշինյանն առաջարկեց վաղը երեկոյան կամ ուրբաթ առավոտյան կառավարության կազմով հավաքվել և վերջնական տեսքի բերել ծրագիրը և ծրագիրը քվեարկության չդրեց:
Նկատենք որ, քվերակությունից հետո, եթե ծրագիրը հավանության է արժանանում՝ 7 օրյա ժամկետում ուղարկվում է ԱԺ ընթերցմանը: