Ուշագրավ․ այս գիշեր անհայտ անձինք մտել են Արմավիրի մարզպետարան, ջարդել դուռը, բացել «սեյֆը»
Վերջին շրջանում զգալի չափերի հասնող գողությունները թերևս ուշագրավ են այնքանով, որ գողերը, մեղմ ասած, հանդգնում են մտնել իրավապահների տները, կառավարական նստավայրեր ու մնալ «չբացահայտված»։
Ու այստեղ արդեն հարց էլ չի առաջանում, թե որքան են ավելացել նման դեպքերը, այլ այն, որ գողերը, փաստորեն, անարգել մտնում են խիստ պահպանվող, պետական նշանակություն ունեցող կառույցներ։
NEWSPRESS.am-ի տեղեկություններով՝ փետրվարի 15-ի գիշերը, ժամը 3։30-ի սահմանում անհայտ անձինք մտել են Արմավիրի մարզպետարանի հաշվապահության երկրորդ հարկ՝ 208 սենյակը։
Նրանք ջարդել են դուռն ու բացել չհրկիզվող պահարանը (սեյֆը)։ Կարելի է պատկերացնել, թե ինչ հիասթափություն են ապրել հանցագործները, երբ այնտեղ գումար չեն գտել ու ձեռնունայն հեռացել են։
Ոստիկանները ժամանել են դեպքի վայր, սակայն առայժմ հանցագործություն կատարողները բացահայտված չեն։
Մեր տեղեկություններով՝ նախօրեին մարզպետարանն ինչ-որ գումարներ է բաժանել որոշ քաղաքացիների և չի բացառվում, որ հենց այդ գումարներն են գայթակղել թալանչիներին։ Ամեն դեպքում փաստն այն է, որ ամեն մի թափթփուկ կարողանում է շատ հեշտ ու հանգիստ մտնել պետական կառույցներ․ սա արդեն ավելի քան մտահոգիչ է։