30 մլն դոլարն ու վկայի անփոփոխ կարգավիճակը
Արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավներից մեկի ժամանակ հայտարարեց, որ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր անվամբ բանկային հաշիվներից 30 մլն դոլարի վրա արգելք է դրված և ժողովրդից գողացածը կոպեկ առ կոպեկ պետք է ետ վերադարձվի ժողովրդին:
Փաշինյանն իր այս հայտարարության համար արժանացավ մի քանի անգամ ավել ծափերի ու կեցցեների, որից ամիսներ անց պարզ դարձավ, որ նույն Սաշիկ Սարգսյանը պետությանն անհատույց փոխանցել է 18,5 մլն դոլար: Իսկ երեկ ՀՀ կառավարության նիստից հետո ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Ալեքսանդր Սարգսյանը փոխանցել է ևս 11,5 մլն դոլար։
Դեռ չկա որևէ դատական վճիռ, որով հնարավոր կլիներ Սարգսյանին պարտավորեցնել պետությանը վճարել այդ 30 մլն դոլարը, այսինքն այդ գումարի փոխանցումը տեղի է ունեցել դատավարական գործընթացի ժամանակ, ինչն աննախադեպ երևույթ է, հետևաբար, իրավաբանների մոտ առաջացել է լուրջ մտահոգություններ առ այն, թե ինչ իրավական գործընթաց է ընկած այս ամենի հիմքում: Երեկ Վանեցյանն ասել էր, որ գումարի փոխանցումը տեղի է ունեցել իրավական ակտերի հիման վրա, սակայն, դեռ բաց է մնում հարցը՝ ով է գրել այդ իրավական ակտը և որքանով է այն օրենքի տառին համապատասխան:
Իսկ եթե Ալեքսանդր Սարգսյանն այդ գումարը հանձնել է ճնշումների ազդեցության ներքո, ապա ստացվում է, որ նոր Հայաստանը դառնում է հնի կրկնությունը: Չի բացառվում նաև, որ Ալեքսանդր Սարգսյանն իր 30 մլն դոլարով կանխել է եղբոր՝ Սերժ Սարգսյանի՝ Մարտի 1-ի գործով վկայից մեղադրյալ դառնալը: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանն արդեն մի քանի անգամ հարցաքննվել է Մարտի 1-ի գործով՝ վկայի կարգավիճակով: Այնպես որ՝ չի բացառվում, որ Սերժ Սարգսյանն այդ կարգավիճակում էլ մնա, որովհետև նրա համար վճարել են 30 մլն դոլար: