ԵՊՀ-ում ապօրինությունների պատճառը, ենթադրաբար, Աննա Հակոբյանի հիմնադրամին գումար չփոխանցելն է. Նարեկ Մալյանը «կոպեկներով» դրամահավաք է սկսում (ֆոտո)
«Ես համալսարանական եմ» բողոքի ակցիայի մասնակիցները դրամահավաք են նախաձեռնում, ընդ որում՝ մանրադրամներով: Այդ մասին այսօր ԵՊՀ-ում տեղեկացրեց ակցիայի կազմակերպիչ Նարեկ Մալյանը՝ հավելելով, որ իրենք հասկացել են, որ ԵՊՀ-ի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառն այն է, որ ԵՊՀ-ն գումար չի փոխանցել վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ղեկավարած «Ժպիտների քաղաք» հիմնադրամին:
«Էս տուփի մեջ (ցույց է տալիս տուփը-հեղ.) մենք հավաքում ենք 10-20 դրամներով գումար, որպեսզի ԵՊՀ անունից տանենք, տանք Աննա Հակոբյանի հիմնադրամին՝ ոնց որ Պուշկինի դպրոցն է 400 հազար տվել: Համալսարանը 4 մլն պիտի հավաքի, արդեն թասիբի հարց է: Եվ ես կարծում եմ, ենթադրում եմ, որ բուհի շուրջ կատարվող իրադարձությունների, ապօրինությունների շարքի հիմնական պատճառն այն է, որ ԵՊՀ-ն Աննա Հակոբյանի հիմնադրամին «քցիբորեն», ժլատորեն ոչինչ չի փոխանցել: Մենք էդ հարցը կուղղենք. այդ գումարը կփոխանցենք հիմնադրամին, ընդ որում՝ հենց կոպեկներով կտանենք, կտանք»,- նշեց Մալյանը:
