Պետության ուղղաթիռով ծառայող որդու մոտ է գնում-գալիս
NEWSPRESS.am-ի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետությունից իրեն հատկացված ուղղաթիռն օգտագործում է ոչ միայն հանուն պետության, այլ նաև անձնական նպատակներով:
Մեր տեղեկություններով՝ Փաշինյանն ամսվա մեջ մեկ-երկու անգամ այդ ուղղաթիռով մեկնում է զինծառայող որդու մոտ՝ նրան տեսության:
Հիշեցնենք, որ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ՀՀ վարչապետին սպասարկման նպատակով տրամադրվում է հատուկ սարքավորված ինքնաթիռ և ուղղաթիռ:
Հիշեցնենք նաև, որ ԱԺ նախկին հանրապետական պատգամավոր Արմեն Աշոտյանը ամիսներ առաջ առաջարկել էր փոփոխություն կատարել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում և փոխել այն իրավակարգավորումը, ըստ որի՝ վարչապետին է վերապահված իրեն սպասարկելու նպատակով հատուկ սարքավորված ինքնաթիռից և ուղղաթիռից բարձրաստիճան պաշտոնատար անձանց օգտվելու կարգը սահմանելու լիազորությունը:
ՀՀԿ-ական պատգամավորն առաջարկել էր, որ այդ լիազորությունը վերապահվի կառավարությանը:
Իհարկե, կառավարությունը բացասական եզրակացություն էր տվել այդ նախագծին, իսկ այն ժամանակ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն էլ զարմացել էր Աշոտյանի առաջարկած փոփոխությունից.
«Ըստ էության, հեղինակը՝ շատ հարգարժան պարոն Աշոտյանը, բազմաթիվ տարիներ ուներ այս շտկումը և թափանցիկության աստիճանն ապահովելու համար և ոնց-որ թե բաց է թողել այդ հնարավորությունը, ինչի համար ափսոսում եմ»,-հեգնել էր Միրզոյանը: