«Դա միակողմանի որոշում էր, այդ որոշումն անընդունելի է». Գագիկ Ծառուկյանը՝ ԵԱՀԿ ՄԽ համախագահների հայտարարության մասին
«Շատ ողջունելի է Հայաստանի և Արցախի միասնական անվտանգության խորհուրդների նիստի որոշումը: Այդ մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և խորհրդարանական համանուն խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
«Բայց այն, ինչ մենք սպասում էինք, հանրությունը սպասում էր, լիարժեք պատասխանը չստացվեց: Կարող է, ասենք, մոտ օրերս ասեն, բայց դա կիսատ էր, բավարար չէր»,- ասաց նա:
Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը՝ Ծառուկյանը նախ տեղեկացրեց, որ հարցին պատասխանում է ոչ միայն իր, այլ նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անունից և նշեց, որ համանախագահների հայտարարությունը միակողմանի հայտարարություն էր, որը չէր բավարարում մեր ժողովրդին: Դա միակողմանկի որոշում էր, այդ որոշումն անընդունելի է»:
Նրա խոսքով՝ Արցախի մասով ոչ մի պատասխան չի եղել. «Ալիևը լիարժեք ընդունեց Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, բայց մեր մասով, անհասկանալի է, լիարժեք պատասխանը չկա, որ մեր ժողովուրդը սպասում է, շեշտադրումը լիներ: 29 տարի է՝ արցախահայությունը՝ արցախցին, այդ խնդիրը կարգավորել է, լուծել է, միջազգային բոլոր նորմերը պահելով՝ որպես դեֆակտո անկախ պետություն: Այսօր, ինչպես Արցախն է, նույն էլ Ադրբեջանն է: Եթե ասեն՝ դե յուրե պետք է Արցախի անկախության հարցը շեշտվի, նոր կարելի է նստել բանակցությունների: Արցախի համար արյուն է թափվել»:
Անդրադառնալով վարչապետ Փաշինյանի՝ քանիցս արած հայտարարություններին, թե ինքը չէ, որ Արցախի անունից պետք է բանակցի, այլ Արցախի ղեկավարությունը, Ծառուկյանն ասաց. «Թող բանակցի, ո՞վ ա խանգարում: Դե թող վերադառնա, ո՞վ ա բան ասում: Լրիվ նորմալ բան է ասում: Բայց այն, ինչ մենք սպասում էինք, թերի մնաց: Ասում եմ՝ կարող է ավարտեն, բայց իմ ու իմ խմբակցության ուզածը չեղավ. դա թերի էր, միակողմանի էր»:
Եզրափակելով խոսքը՝ նա շեշտեց, որ այսօր ազգովի՝ Հայաստան-Արցախ-սփյուռք, պետք է միասնական լինենք, որովհետև դա ազգի ճակատագրի խնդիրն է: Համախմբվելով՝ մեր ունեցածը պետք է կրկնապատկենք, եռապատկենք: Ուժեղի հետ են հաշվի նստում, որ մենք կարողանանք մեր նպատակները, այն, ինչ համար արյուն է թափվել, այդ հարցերը կարգավորենք: Ես կարող եմ գրել և ստորագրել՝ միակ լուծումը միասնականությունն է, որ ինչ ունենք, կրկնապատկենք, եռապատկենք»: