Մարտի 1-ի գործով դատական նիստերը դռնբաց են լինելու. Ռոբերտ Քոչարյանի փաստաբան
Մարտի 1-ի գործով դատական նիստերը դռնբաց են լինելու։ Այս մասին այսօր՝ մարտի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց գործով ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը:
«Դռնբաց դատական նիստ է լինելու, եթե հանկարծ մեկի մտքով անցնի, որ կարող է դռնփակ նիստ անցկացնել, ապա թող ՀՔԾ-ն այլեւս չփորձի իմ գործընկերոջը սուտասան ասել։ Կլինի դռնբաց դատական նիստ ու բոլորդ կտեսնենք այդ նյութերի որակը»,- ասաց պաշտպանը։
Արամ Օրբելյանի գնահատմամբ, Քոչարյանին առաջադրված մեղադրանքը չի կարող ապացուցվել, քանի որ այդ մեղադարնքն անհեթեթություն է:
«Մոտավորապես հետևյալն է ասված մեղադրանքի մեջ, իմ օրինակով բացատրեմ՝ Արամ Օրբելյանն առավոտյան արթնացել է, ատամներն է լվացել, նստել մեքենան ու իջել աշխատանքի, այդ ընթացքում բենզին է լցրել, ու հետո մեղադրում են գողություն կատարելու մեջ, այսինքն, իմ նկարագրածի մեջ գողության որևէ դրվագ չկա։ Հիմա 2008թ․-ին Սահմանադրական կարգը չի տապալվել, հետեւաբար դրա մեջ անձին չեն կարող մեղադրել»,-ասաց փաստաբանը: