Վերաքննիչը Ռոբերտ Քոչարյանին տուժող չճանաչեց
«Վերաքննիչ դատարանի կողմից Ռոբերտ Քոչարյանին տուժողի կարգավիճակ չտալու որոշումը խոսում է այն մասին, որ այդ գործը որևէ մեկին չի հետաքրքրում, և այդ գործով որևէ բացահայտում անելու մտադրություն չկա»։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան Հովհաննես Խուդոյանը՝ այն բանից հետո, երբ Վերաքննիչը որոշեց անփոփոխ թողնել առաջին ատյանի դատարանի որոշումը և մերժել Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների կողմից բերված վերաքննիչ բողոքը։
Այսինքն՝ Վերաքննիչն ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցության գաղտնալսման առթիվ հարուցված քրեական գործով Ռոբերտ Քոչարյանին տուժող չճանաչեց։
«Դատական նիստի ընթացքում խոսակցության հատվածներ ընթերցվեցին, մասնավորապես՝ դրանք վերաբերում էին խոսակցության այն հատվածին, երբ ԱԱԾ և ՀՔԾ պետերը խոսում են, թե դատավորը զանգել է, ասել են, որ «ուզած-չուզած՝ կալանքը պետք է տա»։
Բացի այդ, ՀՀ վարչապետի ելույթը նաև խորհրդարանում, որ զանգել են դատարանից ու «տրեվոգա» դրել, թե դատական գործը ջուր է, և երկրորդ ձայնագրությունից հատվածներ ևս կան, որոնք ամբողջությամբ վերաբերում են դատավորի հետ ունեցած կապին»,- ասաց փաստաբանը։
Նա նաև տեղեկացրեց, որ որոշումը բողոքարկելու են, սակայն դեռևս չգիտեն, թե որ ատյանում կներկայացնեն բողոք։
«Այսօրվա դրությամբ Վճռաբեկ դատարանն արդյունավետ ատյան չէ, որովհետև եթե այն արդարադատություն իրականացնելու նպատակ ունի, ապա մեր ներկայացրած բողոքները քննության կառներ»,- ասաց Հովհաննես Խուդոյանը՝ նշելով, որ թերահավատորեն ենք մոտենում Վճռաբեկ դատարանի օբյեկտիվությանը