Հեղափոխությունը որևէ մեկից պաշտպանել պետք չէ. Բագրատյանը՝ Փաշինյանին
Դուք նշում եք, որ հաճախ մոռանում են, թե ինչ է կատարվել երկրում: ԱԺ-ում, հերթական նիստի ժամանակ այդ դիտարկմամբ դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
Նա համաձայն է, որ հեղափոխության մասին գուցե մոռացողներ կան, բայց ԱԺ դահլիճում ոչ ոք այդ մասին երբեք չի մոռանում:
«Նաև ասեմ, որ հեղափոխությունն այս դահլիճում նստածներից ու որևէ մեկից պաշտպանել պետք չի, որովհետև ես վստահ եմ, որ դահլիճում նստածներից յուրաքանչյուրը հեղափոխության հետ կապված իր տեսլականն ունեցել է»,-ասաց Սերգեյ Բագրատյանը:
Նա նկատեց, որ երեկ՝ կենսաթոշակների բարձրացման հետ կապված խնդրի մասին խոսելիս, հնարավորություն չունեցավ արտահայտվել, սակայն իրեն զարմացրել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կոչը՝ թե բոլոր ընդդիմադիրները կարող են դեմ քվեարկել կենսաթոշակների բարձրացմանը:
Բագրատյանը, դիմելով Միրզոյանին՝ ասաց. «Պարոն Միրզոյան, չեմ կարծում, որ մենք դեմ սեղմելու կոճակի տեղը չգիտենք: Հիմա ասածս ինչ է՝ մենք ճակատագրի բերումով ընդդիմություն ենք, դուք՝ իշխանություն, ու պարոն Միրզղոյանի կողմից ընկալվում է, որ մենք պետք է դեմ լինենք»,- ասաց Բագրատյանն ու մի պահ ընդհատեց խոսքը, քանի որ նրան ընդհատելու համար Արարատ Միրզոյանը սեղմեց կոճակը՝ հումորային երանգ տալով իրավիճակին:
Բագրատյանը ծիծաղեց և շարունակեց, սակայն մինչ նա կհնչեցներ իր բուն հարցը՝ Միրզոյանն այնուամենայնիվ ընդհատեց նրան:
«Պարոն Բագրատյան, թույլ տվեք վարչապետն ինչ-որ կերպ արձագանքի ձեր դիտարկումներին՝ հետո հարցը կտաք»,-ասաց նա: