Վանք եկողն իմ հյուրն է․ սահմանամերձ Մակարավանքի հյուրընկալ քահանան ու վանք տանող անմխիթար ճանապարհը
Ցանկացած հավատացյալ քրիստոնյայի համար ուխտավոր լինելն ու Աստծո տուն այցելելը հոգեկան հանգստություն է, կյանքին յուրովի մոտեցման ու նոր հայացքով նայելու հնարավորություն։
Եկեղեցում մոմ վառելն ու Աստծուն աղոթելը թեթևացնում է հոգին, բայց ավելի լավ ես զգում, որ մոմ ես վառում ու աղոթում մարդկային բոլոր արժեքներով օժտված հոգևոր հովվի եկեղեցում։
Սահմանամերձ Աչաջուր գյուղի մասին գուցե շատերը չգիտեն, իսկ գյուղի մոտակայքում, անտառի մեջ ծվարած եկեղեցու մասին թերևս ավելի շատերը չեն իմանա։ Ես էլ չգիտեի․․․ Ճանապարհը երկար էր ու գրեթե անանցանելի, բայց վանքը տեսնելու ցանկությունն օգնում էր հաղթահարել դժվարությունը։
Եկեղեցում մեզ ողջունեց Կիրանց, Բերքաբեր գյուղերի և Մակարավանքի հոգևոր հովիվ Տեր Արշավիր քահանա Ասատրյանը։
Նա փոքր-ինչ զբաղված էր և խոստացավ մի քանի րոպեից մոտենալ։ Քանի որ մենք շտապում էինք, երկար չսպասեցինք։ Տեղանքը գեղեցիկ էր։ Բնության մեջ մի քանի րոպե մնալուց հետո, շտապեցինք վերադառնալ, քանի որ ճանապարհը քարքարոտ էր, իսկ մութը վրա էր հասնում։
Վերադարձի ժամանակ, հավանաբար, ճանապարհի անմխիթար վիճակի հետևանքով, մեքենան հրաժարվեց առաջ գնալուց՝ խափանվեց։ Կանգնել ու մտածում էինք՝ ի՞նչ անել այդ սարի գլխին, երբ իր մեքենայով մոտեցավ Տեր Հայրը։ Նա անմիջապես չհասկացավ, թե ինչու ենք կանգնած, բայց կանգնեցրեց ավտոմեքենան և ներողություն խնդրեց, որ թեև խոստացել էր, բայց չկարողացավ եկեղեցում մոտենալ։ Ապա հարցրեց, թե ի՞նչ է պատահել, ինչո՞ւ ենք կանգնած։
Չեմ մանրամասնում հետագա քայլերը, բայց Տեր Արշավիր քահանան ձեռնամուխ եղավ օգնության՝ սկզբում տեղում, ապա գնաց մոտակա Աչաջուր գյուղը և վերադարձավ համպատասխան սարքավորումներով։
Կանգնեց մեր կողքին այնքան, մինչև մեքենայի հետ կապված խնդիրը հարթվեց, ու մենք շարժվեցինք՝ իր օրհնությամբ։
Գուցե այս պատմությանը չանդրադառնայի, եթե չիմանայի, որ նա ոչ միայն մեր, այլ Մակարավանք գնացող ցանկացած ուխտագնացի վերաբերվում է նույն սրտացավությամբ ու ընդունում ինչպես իր սեփական հարկի ներքո կընդունեն հյուրին։
Ասում է՝ հյուրերի միշտ սպասում է ու ճանապարհում արժանավայել, բայց այցելուներ, սովորաբար, շատ չեն լինում․ միայն վերջերս սովորականից մի քիչ ավելին են եղել։
«Մակարավանք եկող ցանկացած մարդ իմ հյուրն է, ուզում եմ այնպես անել, որ ոչ մեկը չնեղանա և բոլորը գոհ հեռանան վանքից, որպեսզի նորից հետ գալու ցանկություն լինի, վանքը չլքվի»,- ասաց քահանան։
Նրա հետ զրույցի ժամանակ ցանկություն առաջացավ անպատճառ նորից լինել այդ վանքում, միայն․․․․ մի պահ աչքերիս առաջ եկավ դժվարանցանելի ճանապարհը։ Այլ կերպ ասած՝ մինչ քահանան փորձում է իր մարդկային վերաբերմունքով մարդկանց ձգել դեպի Մակարավանք, ճանապարհի անմխիթար վիճակն ուխտավորներին թույլ չի տալիս առաջ գնալ։
Այնպես որ՝ լավ կլիներ, եթե պատկան մարմիններն իրենց ուշադրությունը կենտրոնացնեին ո՛չ միայն զբոսաշրջության առումով անուն հանած հայտնի վանքերի՝ դրանք ավելի շատ վերածելով բիզնես կենտրոնների, այլև իրենց վրա վերցնեին նաև հեռավոր վայրերում գտնվող եկեղեցիների հոգածությունը ու գոնե, վերանորոգեին այդ վանքեր տանող ճանապարհները, որպեսզի մարդիկ ավելի հաճախ գնան։
Արմինե Մկրտումյան