Արցախի զորամասերից մեկում տուբերկուլոզ է տարածվում. տեղյակ չե՞ք. Արիանա Հովսեփյանի բաց նամակը Դավիթ Տոնոյանին
NEWSPRESS.am-ի հիմնադիր-տնօրեն Արմենուհի (Արիանա) Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում բաց նամակ է հղել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին։
«Թեման ինձ համար ցավոտ է, նուրբ, հարցի լրջությունն էլ գիտակցում եմ ու էլի այս մասին չէի գրի, եթե էսօրվա հայտնի հրապարակումը չլիներ՝ զինվորներին միս մատակարարելու որակի մասին:
Դիմում եմ Պնախարար, Սերժ Սարգսյանից Նիկոլ Փաշինյանին մնացած Դավիթ Տոնոյանին. պարոն նախարար, Դուք տեղյա՞կ եք, որ, «օդում կախված լուրերի համաձայն» Արցախի հարավարևելյան զորամասերից մեկում տուբերկուլոզ է տարածվում և նույնիսկ Աբովյանի տուբդիսպանսեր տեղափոխված զինվոր կա։ Եթե տեղյակ չեք՝ տեղեկացնում եմ, ստուգեք, ճշտեք, զորամասն էլ կոնկրետ կարող եմ մատնանշել, եթե հարկ կհամարեք հետաքրքրվել։
Պարոն նախարար, լավ ձեռագիր չեք որդեգրել. տարեսկզբից զոհերն էիք թաքցնում, հետո էլ ինչ-որ տարօրինակորեն ներքին խնդիրներով պայմանավորված զոհերն են ավելացել։ Ես չէ, որ պետք է Ձեզ ասեմ, բայց յուրաքանչյուր զինվորի մահ Ձեր ու Գերագույն գլխավոր հրամանատարի՝ Փաշինյան Նիկոլի խղճին է։ Ուրեմն տիրություն արեք գոնե այս մեկ զինվորին, գոնե մեկ կյանք փրկեք, թե սահմաններին կյանքերը խնայել չեք կարողանում»,- գրել է Հովսեփյանը։