«Սանիթեքի» աշխատողները որոշել են նստացույց անել քաղաքապետարանի դիմաց (տեսանյութ)
Վաղ առավոտից «Սանիթեք» ընկերության աշխատողները բողոքի ակցիաներ են կազմակերպել նախ ընկերության գրասենյակի դիմաց, ապա՝ Երևանի քաղաքապետարանի։
Բանն այն է, որ Երևանի քաղաքապետարանից նրանց ասել են, որ իրենց աշխատավարձները պետք է աշխատողները պահանջեն ո՛չ թե քաղաքապետարանից, այլ հենց ընկերությունից։ Դրանից հետո նրանք որոշել են հավաքվել ընկերության գրասենյակի առաջ։ Սակայն այստեղ էլ վստահեցրել են, որ իրենք չեն կարող վարձատրել աշխատողներին, քանի դեռ քաղաքապետարանը, պայմանագրի համաձայն, քաղաքի մաքրման գումարները չի փոխանցել ընկերությանը։
Աշխատողները, որոնց մեջ կան նաև 80-անց կանայք, այժմ էլ ոտքով գրասենյակի մոտից շարժվել են քաղաքապետարան։ Նրանց հետ էր նաև ակտիվիստ Սոնա Աղեկյանը, ով քաղաքապետարանի ներկայացուցչին փոխանցեց «Սանիթեք»-ի ղեկավարի խոսքերը։
Քաղաքապետարանի աշխատակիցը նախ հայտարարեց, որ չարած աշխատանքի դիմաց գումար չեն տալիս, ապա հայտարարեց, որ քաղաքապետարանը գումարն արդեն փոխանցել է, իսկ հետո էլ ասաց, որ եթե «Սանիթեքը» իրենց փոխանցի աշխատողների աշխատավարձի ցուցակը, ապա իրենք կտան այդ գումարները։
Սոնա Աղեկյանը չհամաձայնեց․ ««Սանիթեքից» ասում են, որ դա իրենց ներքին խոհանոցն է, ու երրորդ անձը չպետք է իմանա՝ ինչ սկզբունքով են բաժանում գումարները։ Ընդհանուր պարտք են 132 մլն, դուք այդ գումարը տվեք, իրենք իրենց ցուցակներով կբաժանեն»։
Աշխատողներից մեկն էլ նկատեց, որ իրենցից շատերն, աշխատավարձից բացի, հավելավճարներ ու «պրեմիաներ» են ստանում, որը, սակայն, աշխատավարձի ցուցակներում չի երևում։
«Ես, օրինակ, միշտ հավելավճար եմ ստանում, ու չեմ կարա ասեմ՝ հիմա ինչքան գումար են տալու ինձ»,- ասաց աշխատողը։
Քաղաքապետարանի աշխատակիցն առաջարկեց գնալ ընկերության գրասենյակ, սակայն Սոնա Աղեկյանը հրաժարվեց։
«Մինչև էդ էլ էս մարդիկ ոտքով գնացին-եկան։ Մենք այստեղ նստում ենք, դուք գնացեք ընկերություն, հարցերը պարզեք ու վերջնական լուծումով եկեք էս մարդկանց պատասխան տվեք»,- հայտարարեց նա՝ հավելելով, որ լիազորված է «Սանիթեքի» աշխատողների կողմից։
Մանրամասները՝ տեսանյութում