Կարելի է 5 տարով դատվել կրակելու համար ու դառնալ ղեկավար «Նոր Հայաստանում»
Մինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից խոսում է Հայաստանը ժողովրդավարության բաստիոն և օրինակելի երկիր դարձնելու իր մեթոդների մասին, Հայաստանի ներսում, իսկ ավելի կոնկրետ` Փարաքարում, տեղի է ունենում ոչ օրինակելի մի զարգացում։
Պարզվում է, որ երեկ կայացած՝ համայնքի ղեկավարի ընտրության ժամանակ համայնքի ղեկավար է ընտրվել հինգ տարի բանտում անցկացրած, 32-ամյա Դավիթ Մինասյանը։
Նոր Հայաստանում, որտեղ պետական պաշտոններին պետք է ընտրվեն ու նշանակվեն մարդիկ, ովքեր օրինակելի են իրենց վարքով ու բարքով, սերմացու գողացող նախկին կոռուպցիոներներից էլ հեռու են հազարավոր կիլոմետրերով, 5 տարով դատվածություն ունեցող մարդու՝ համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվելը խիստ մտահոգիչ է․ հետաքրքիր է՝ ինչպես է օրինակ ծառայելու Մինասյանը փարաքարցիների համար:
Արդյո՞ք նրան նայելով ցանկացած փարաքարցի երիտասարդ չի կարող մտքում մտածել, որ կարելի դատվել, հետո էլ ղեկավար կարգվել, իհարկե՛, կարող է, իսկ այդպես մտածելուն որևէ բան չի կարող խոչընդոտել, քանի որ առավել ցցուն օրինակ, քան աչքի տեսածն է, չկա։
Իսկ ինչի՞ համար է դատվել Մինասյանը․
2009թ.-ին «Սկառլետ» կարաոկե բարում Դավիթ Մինասյանը վիճաբանության մեջ է մտել մեկ այլ տղամարդու հետ, որից հետո զրուցելու նպատակով պայմանավորվել են հանդիպել, սակայն այդ հանդիպման ժամանակ էլ են վիճաբանել, որի ժամանակ Մինասյանն իր մոտ եղած հրազեն չհանդիսացող օդամղիչ ատրճանակով կրակել է և վիճաբանող մյուս կողմին պատճառել ծանր մարմնական վնասվածք, որի համար էլ դատվել է:
Որևէ մեկը զրկված չէ դատվածություն կրելուց հետո նորմալ բնականոն կյանքի վերադառնալու իր իրավունքից, բայց այս հոդվածով դատվածությունը խարան է, որը չի տեղավորվում «Նոր Հայաստանի» օրինակելի պաշտոնյաների համար Փաշինյանի լոզունգների մեջ, իսկ եթե դատվածության հետ համադրում ես Դավիթ Մինասյանի և ՀՀԿ-ական հայտնի Շմայսի մտերմությունը, համոզվում ես Փարաքար համայնքը քրեական բարքերի կենտրոն դառնալու վտանգի տակ է, քանի որ Փարաքարի ղեկավարն ինքնին այդ բարքերի կրողն է։