7 մլն դոլարով կարելի է գնել 14 միլիոն փամփուշտ, չեմ ասում՝ զինվորի հացը. էսքանից հետո ո՞վ ա զինվորի հացը ուտում. Լիլիթ Թումանյանը՝ հանրաքվեի ծախսերի մասին
Սա բացարձակապես իրավական պրոցես չէ, սա բացարձակապես քաղաքական պրոցես է, ըստ այդմ՝ պետք է տանք քաղաքական գնահատականներ: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքական մեկնաբան, «ArmNews FM»-ի տնօրեն Լիլիթ Թումանյանը:
«Սա մի պրոցես է, որը կազմաքանդում է պետության հիմքերը՝ որպես ժողովրդավարական պետություն: Մենք տեսնում ենք այն գործընթացը, որի ընթացքում մենք կորցնում ենք բոլոր այն ինստիտուտները, որոնք ապահովում են մեր երկրի ժողովրդավարականությունը և սահմանադրականությունը: Մենք տեսնում ենք իշխանության տարբեր ճյուղերի սերտաճում, ուզուրպացում, կենտրոնացում մեկ անձի և մեկ քաղաքական իշխող ուժի ձեռքում, ժողովրդական հիմունքների վերացում, օրինականակության հիմքերի վերացում: Դա նշանակում է, որ որոշ ժամանակ անց՝ շատ հնարավոր է, որ այս տխրահռչակ սահմանադրական հանրաքվեն անցկացնելուց հետո, մենք այլևս իրավունք չունենանք միջազգային հանրության համար հանդիսանալ ժողովրդավարական, օրինական պետություն: Հենց դրանում են կայանում քաղաքական հետևանքները»:
Թումանյանը հարց է բարձրացնում՝ արդյոք մենք պատրա՞ստ ենք զրկվել մեր ձայնի իրավունքից միջազգային կառույցներում, կրել տնտեսական հետևանքները, որովհետև, ըստ բանախոսի, քաղաքականապես և իրավականորեն չճանաչված պետությունը, որը աստիճանաբար կզրկվիր իր բոլոր տեսակի ձայներից, անդամակցությունից միջազգային կառույցներում, կսկսի զրկվել միջազգային տրանշերից, տնտեսական ներդրումներից:
Այսքանից հետո Թումանյանը նաև հարցնում է՝ ո՞վ է զինվորի հացը գողանում:
«Եթե իսկապես 7 մլն դոլարի մասին է խոսքը՝ 3,5 մլրդ դրամի, եկեք հաշվարկենք, ինչ կարելի է գնել այդ գումարով և որքանով է դա առաջնահերթ: Հանրաքվե անցկացնե՞լն է պետության համար առաջնահերթ, թե, օրինակ, 500 բնակարանը: 7 մլն դոլարով կարելի է գնել 14 միլիոն փամփուշտ, մեկ փամփուշտի շուկայական միջին գինը կազմում է կես դոլար: Չեմ ասում՝ զինվորի հացի մասին: Հիմա հարց եմ տալիս՝ էսքանից հետո ո՞վ է զինվորի հացը ուտում»,- ասաց Թումանյանը: