3 միլիոն վարչապետի ու դիպուկահարի արանքում
3 միլիոն վարչապետ ունեցող երկրում գլխավոր վարչապետն իր կուսակցության նիստերն անցկացնում է դիպուկահարների հսկողության ներքո։
Ինչպես մի քանի օր առաջ, այնպես էլ այսօր, վարչապետ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում իր թիմակիցների հետ նիստին մասնակցելու համար նախընտրել է իր կյանքի անվտանգությունը վստահել դիպուկահարներին։
Նախկինում հեծանիվով աշխատանքի գնացող կառավարության ղեկավարին չեն բավարարում այլևս զրահապատ մեքենաներն ու նա այլևս իր անվտանգության համար դիմում է առավել ապահով միջոցների։
Տպավորություն է, որ այս երկրում վարչապետը որևէ մեկին այլևս չի վստահում։ Նա չի վստահում իր անվտանգության աշխատկիցներին, ոստիկանությանն ու Ազգային անվտանգության ծառայությանը, որոնք արդեն 5 ամիս է՝ շարունակում են աշխատել առանց պետի, քանի որ այդ ծառայություններում աշխատում են ժամանակավոր պաշտոնակատարներ։
Բայց գլխավոր հարցն այստեղ ոչ թե դիպուկահարն է այլ այն, թե այդ ինչից է վախենում Փաշինյանը, կամ ավելի ճիշտ՝ ինչը երկիրը բերեց այն վիճակի, որ ժողովրդի վարչապետը ստիպված եղավ այս աստիճան մեկուսանալ ու կտրվել իրականությունից։
Խորքային վերլուծության դեպքում ակնհայտ են դառնում այդ պատճառները՝ վենդետա նախկինների նկատմամբ, առանց մեղադրական դատավճիռների մարդկանց նկատմամբ խափանման միջոցների ընտրություն, խոստացված ներդումների բացակայություն, սեփական թիմակիցներին միլիոնավոր դրամների պարգևատրումներ, իսկ պողոսներին պողոսավարի աշխատավարձ ու այստեսակ տասնյակ հարցեր, որոնք կուտակվելով դառնում են վտանգավոր ամպ այս նույն իշխանության գլխին։
Հետաքրքրական է, որ հանրային դժգոհության պայթյունի պահին այդ հանրությանը այլևս պետք չի լինի ոչ դիպուկահար, ոչ ուժային որևէ կառույցի աջակցություն, քանի որ ժողովուրդը, որն այլևս ծանոթ է իշխանություն փոխելու խաղաղ և ոչ բռնի մեթոդին, Փաշինյանին իր տեղից կհեռացնի հենց այդ նույն մեթոդներով՝ ճանապարհ փակելով ու մերժելով, ինչպես հեռացրեց նախկիններին ու այդ ժամանակ է, որ Փաշինյանին չի փրկի ոչ դիպուկահարը, ոչ զրահապատ մեքենան ոչ որևէ այլ բան. նա կմերժվի ու կարժանանա այն նույն բախտին, ինչ նախորդները, հետևաբար 3 միլիոն վարչապետից պաշտպանվելու կարիք չկա. նրանց համար գործ անել է պետք ընդամենը։
NewsPress.am