Մենք սենց բաները մենակ «տելեվիզրով» ենք տեսել, թող բոլորը ձեր նման բարի գործեր անեն. «Պարգևիր Ժպիտ»-ը հյուրընկալվեց Աղաջանյանների ընտանիքում (տեսանյութ)

NEWSPRESS.am-ը սկսել է հրապարակումների շարք, որտեղ ներկայացնում է «Պարգևիր Ժպիտ» բարեգործական հիմնադրամի ծրագրերն ու իրականացրած աշխատանքները:
Նախորդ անգամ մենք անդրադարձել էինք Շուշիում բնակվող Պետրոսյանների ընտանիքին, որին հյուրընկալվեց հիմնադրամի թիմը:
Այս անգամ ներկայացնում ենք Աղաջանյանների ընտանիքը: Շուշիում բնակվող այս բազմազավակ ընտանիքը թեև նոր է ստացել բնակարան, սակայն դեռևս բազում խնդիրներ ունի: Հիմնադրամը փորձել է իր լուման ներդնել նրանց հոգսը փոքր-ինչ թեթևացնելու գործում:
Ընտանիքում կա 6 երեխա. 12-ամյա Մհերը երազում է դառնալ աստղագետ և հայտնի գիտնական Վիկտոր Համբարձումյանի նման մեծ համբավ ունենալ: 6 տարեկան Էլիզան ուզում է գնալ դպրոց և խոստանում է լավ սովորել: Նրա եղբայրը՝ 5-ամյա Շահրամանը, մտադիր է զինվոր դառնալ և սպանել այն բոլոր թուրքերին, որոնք ձեռք են բարձրացրել հայերի վրա, այդ թվում նաև սպանել են իր պապիկին: 4-ամյա Ռոզան ուզում է մանկապարտեզ գնալ իր քույրիկի հետ: 2-ամյա Վալերիկն էլ առայժմ իր պլանների մասին չի խոսում՝ շատ է փոքր և ամաչում է շփվել հյուրերի հետ: Իսկ Լոլան, որ դեռ մեկ տարեկան չկար, ավելի մարդամոտ էր և ժպտերես: Նա դեռ չգիտի՝ ինչ է պատերազմը, չգիտի չարի ու բարու գոյության մասին և ապրում է խաղաղ ժպիտով:
Նրա մեղմ ու անուշ տեսքն անտարբեր չկարողացավ թողնել հիմնադրամի հիմնադիրներին՝ Արմենուհի-Արիանա Հովսեփյանին ու Ալբերտ Հարությունյանին: Նվերները հանձնելով ընտանիքին՝ Արիանա Հովսեփյանը ջերմորեն գրկեց ու համբուրեց փոքրիկին:
Նրանց տատիկն էլ հպարտացավ, որ աշխարհի ամենահարուստ տատիկն է և շնորհակալություն հայտնեց հիմնադրամի թիմին:
«Մենք սենց բաները մենակ տելեվիզրով ենք տեսել. ապրեք շատ»,- ասաց նա:
«Պարգևիր Ժպիտ»-ը շնորհակալություն է հայտնում իր բոլոր նվիրատուներին, հատկապես «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտին:
Մանրամասները՝ մեր տեսանյութում