Մենք հայ ենք, մեր լեզուն հայերենն է, մեր հայրենիքը՝ Հայաստանը․ արցախցի փոքրիկները հյուրընկալեցին «Պարգևիր Ժպիտ»-ի թիմին (տեսանյութ)

NEWSPRESS.am-ն անդրադառնում է «Պարգևիր Ժպիտ» բարեգործական հիմնադրամի հերթական ակցիային։ Այս անգամ հիմնադրամի թիմը եղավ Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան դպրոցում։ Նրանց դիմավորեցին մանկավարժ Նարինե Գրիգորյանը, նրա սաներն ու ծնողները։
Նարինե Գրիգորյանն այդ օրը գեղեցիկ միջոցառում էր կազմակերպել, որին կանդրադառնանք մեր հաջորդ հրապարակմամբ։ Հարկ է նկատել, որ արցախցի փոքրիկների շփումը ջերմ էր ու անմիջական։
Նարինե Գրիգորյանը ներկայացրեց իր ղեկավարած նախապատրաստական խմբի ծրագրերն ու կատարած աշխատանքները։ Նա նշեց, որ այս փոքրիկները որևէ հայրենասիրական միջոցառման մասնակցելիս ամեն անգամ արտասվում են։
Նրա դիտարկմամբ՝ առանց արցունքների հնարավոր չէ, բայց չպետք է մոռանալ նաև, որ մեզ հաղթանակը տրվել է հերոսների շնորհիվ, որոնց պետք է հիշել հպարտությամբ ու միայն ծափողջույններով։
Նարինե Գրիգորյանի հորդորով փոքրիկները ներկայացրեցին, թե ովքեր են իրենք․
«Մենք Խաչատուր Աբովյանի անվան դպրոցի նախապատրաստական խմբի սաներն ենք։ Մենք հայ ենք, մեր լեզուն հայերենն է, մեր հայրենիքը՝ Հայաստանը»,- ասացին փոքրիկներն ուրախությամբ։
Երեխաները կրում էին Արցախյան և Ապրիլյան քառօրյա պատերազմների հերոսների պատկերներով վերնաշապիկներ, որոնք նրանց համար բերել էր «Պարգևիր Ժպիտ» հիմնադրամը։ Բացի այդ, մանուկներին այլ նվերներ ևս հանձնվեցին։
Շնորհակալություն հայտնելով նվերների համար՝ Նարինե Գրիգորյանն իր խոնարհումի խոսքը հղեց նաև առյուծ հերոսների մայրերին, ովքեր հերոսներ են տվել երկրին, որոնց շնորհիվ այսօր մենք կարողանում ենք խաղաղ ապրել։
Կարդացեք նաև՝
«Ես ուզում եմ կուկլա». «Պարգևիր ժպիտ»-ը Շուշիում էր (տեսանյութ)
Մանրամասները՝ տեսանյութում։