«Տիգրանիս աչքերն է, մեռնեմ աչքերիդ». Շուշիում կայացավ Ապրիլյանի հերոս Տիգրան Պողոսյանին նվիրված միջոցառում (տեսանյութ)

Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի Խաչատուր Աբովյանի անվան դպրոցում մանկավարժ Նարինե Գրիգորյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է միջոցառում՝ նվիրված Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Տիգրան Մխիթարի Պողոսյանին։ Միջոցառման մասնակից երեխաները կրում էին վերնաշապիկներ՝ Արցախյան և Ապրիլյան պատերազմների հերոսների նկարներով։
Միջոցառումը բացելով՝ Նարինե Գրիգորյանը պատմեց, թե ինչպես է Տիգրանն ընկել մարտում ու նկատեց, որ այսօր մենք պետք է խոնարհվենք հերոսների մայրերի առաջ, ովքեր քաջեր են տվել հայրենիքին։
Դպրոցի աշակերտները հանդես եկան նաև հայրենասիրական երգ ու ասմունքով և ազգագրական պարով։
Տիգրան Մխիթարի Պողոսյանը ծնվել է 1992 թվականի փետրվարի 21-ին Շիրակի մարզի Արթիկ շրջանի գյուղ Հոռոմում, Մխիթար Պողոսյանի և Սիլվա Մանասյանի ընտանիքում։
1999 թվականին ընդունվել է Հոռոմի միջնակարգ դպրոցը։ Դպրոցն ավարտել է 2009 թվականին:
2010 -2014 թվականները սովորել է Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ։
2014 թվականից ծառայության է անցել ԼՂՀ Մարտակերտում։
2016 թվականի ապրիլի 2-ից պայքար է մղել ադրբեջանական բազմաքանակ գրոհայինների դեմ։ Արիաբար զոհվել է 2016 թվականի ապրիլի 25-ի գիշերը լույս 26-ին արկի բեկորի մահացու հարվածից՝ սեփական մարմնով փրկելով իր զինվորի կյանքը։
2014 թվականին, ինստիտուտի ավարտական տարում, պարգևատրվել է անվանական դաշույնով՝ ՀՀ նախագահի կողմից:
2016 թվականի մայիսի 28-ին Տիգրանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիության» պետական մեդալով:
2016 թվականի մարտի 27-ին Տիգրանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի կողմից պարգևատրվել է Արցախի «Արիության» պետական մեդալով:
Միջոցառմանը ներկա էր նաև Տիգրան Պողոսյանի մայրը՝ Սիլվա Մանասյանը, Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը, «Պարգևիր Ժպիտ» բարեգործական հիմնադրամի հիմնադիրներ՝ Արմենուհի—Արիանա Հովսեփյանը և Ալբերտ Հարությունյանը։ Միջոցառմանը մասնակցելու էին եկել նաև զինվորներ։
Մանրամասները՝ տեսանյութում