Դու մտածում ես, որ ինքը պիտի ՄԱԿ-ի ամբիոնից ասեր, որ Շուշին ու Հադրութն օկուպացրե՞լ են․ իմքայլական գեներալ
Պիտի ուժեղացնենք բանակը, բայց ամեն անգամ բացեիբաց չասենք՝ ինչ ձեռք բերեցինք, պիտի կարողանանք սպասել մինչև վերջնական ավարտը։ Այս մասին այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը:
«Ես համաձայն եմ, որ կորցրածը պետք է հետ բերենք, ոչ թե հիմիկվանից գոռանք՝ «հետ բերենք», այլ սուսուփուս, ոնց որ իրենք 94 թվականին պարտվեցին, և անցավ 25 տարի, իրենք հետ վերցրեին, այ, դուք պիտի աշխատեք այնպես անեք, որ սենց հարցեր չտաք, թե հետ ենք բերելու, թե չէ։ Իհարկե, մենք մեր տարածքները կորցրել ենք, պիտի հետ բերենք։ Դրա համար մեզ համբերություն ու համախմբվել է պետք»,- ասաց գեներալը։
Դիտարկմանը, թե, օրինակ, ՄԱԿ-ի ամբիոնից Նիկոլ Փաշինյանը չասաց, թե թշնամին օկուպացրել է գոնե Շուշին ու Հադրութը, Մելքոնյանը հարցով պատասխանեց․ «Այսինքն՝ դու մտածում ես, որ ինքը պիտի ասե՞ր»։ Հարցին, թե ինչո՞ւ չասեր, պատասխանեց՝ որովհետև։
«Չպիտի ասվեր, պիտի սուսուփուս քո գործն անես։ Մենք խոսում ենք, թե տարիներ հետո ինչ ենք անելու, էսօր չգնացինք ու Շուշին գրավեցինք։ Պիտի գա ժամանակ, մենք կարողանանք զինվել, պրոֆեսիոնալ բանակ ստեղծել»,- եզրափակեց պատգամավորը՝ այլ հարցերի չպատասխանելով։