Ադրբեջանում արդեն շահարկում են հարցը, ասում են՝ եթե Երևանում տեղ չունեք պահելու, ինչո՞ւ էիք Շուշիից հանում գորգերը․ Վարդան Ասծատրյան (տեսայնութ)
Շուշիի գորգերը կրկին վտանգված են։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանը։
Նա պատմեց, Շուշիում հիմնած գորգերի թանգարանաի անցած դժվար ճանապարհի մասին ու հիշեց, թե ինչպես Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին Շուշիի գորգերի թանգարանից հեռախոսի լույսերի ներքո են դուրս բերել գորգերն ու 2 փուլով փուլով՝ մեծ դժվարությամբ, տարհանել քաղաքից։ 120-ից ավելի գորգ ու էլի շատ պատմամշակութային արժեք ներկայացնող նմուշներ մնացել են Շուշիում։ Սակայն այսօր ստացվել է այնպես, որ այն, ինչ հաջողվել է փրկել՝ դրան Հայաստանում ցուցադրվելու կամ ի պահ դրվելու տեղ չունեն։
«Գորգերի հավաքածուի պահպանումը վտանգված է։ Գորգերը մինչ այս ցուցադրվում էին Երևանում` Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում: Երկու օր առաջ ցուցադրությունը հավաքեցինք և հիմա չգիտենք` ուր ենք տանելու դրանք»,–ասաց Ասծատրյանը։
Նա նկատում է, որ Հայաստանի ԿԳՄՍՆ-ն առաջարկել է մի քանի վայր, որտեղ կարելի էր տեղափոխել գորգերը՝ Սարդարապատի հուշահամալիրին կից Հայաստանի ազգագրության թանգարանը և հայ նկարիչ Հովհաննես Շարամբեյանի անվան ազգային արվեստի կենտրոնը։ Սակայն, ըստ Ասծատրյանի, այս թանգարաններն իրենց գորգերն ունեն և ցուցադրելու տեղ չկա այլևս։
Բացի այդ, պահոցներում վարակ` ցեց կա։ Ասծատրյանին առաջարկել են նաև Արցախ տեղափոխել գորգերը, սակայն նա նշում է` կհամաձայնի, եթե գորգերի թանգարանը պետական թանգարանի կարգավիճակ ունենա։
Ասծատրյանը նկատում է նաև, որ Ադրբեջանում արդեն հոդվածներ են գրում, թե՝ եթե Երևանում էլ տեղ չունեք պահելու, ինչու էիք Շուշիից հանում գորգերը։
«Մենք բոլորս ենք մեղավոր, որ իրենք իրենց իրավունք են վերապահում նման հայտարարություններ անել և հոդվածներ գրել»,- նշեց նա։
Հայաստանի փորձագիտական կենտրոնի մասնագետները գնահատել են հավաքածուն։ Վարդան Ասծատրյանը չնշեց, թե որքան գումար է կազմել, միայն ասաց, որ Արցախի կառավարությանն առաջարկել է՝ մեկ տարուց ավելի ժամկետով ժամանակացույց կարող են կազմել վճարման համար։