Կայացել է «Սոմա. Կրակե օղակ» երկու գործողությամբ օպերային ներկայացման պրեմիերան
Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակի շրջանակում Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացել է Ա. Տերտերյանի «Սոմա. Կրակե օղակ» երկու գործողությամբ օպերային ներկայացման պրեմիերան: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքից։
«Կրակե օղակը» Ավետ Տերտերյանի առաջին փորձն է և առաջին անգամ բեմադրվել է 1967 թվականին. այս տարի լրանում է ստեղծագործության 55-ամյակը: Վերջին անգամ բեմադրվել է 45 տարի առաջ՝ 1977 թ., Տիգրան Լևոնյանի բեմադրությամբ: Օպերայի ստեղծման հիմքում Եղիշե Չարենցի «Ամբոխները խելագարված» և «Սոմա» պոեմները:
Ներկայացման երաժշտական ղեկավարը և դիրիժորը Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Դուրգարյանն է, բեմադրող ռեժիսորը՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Մելիքսեթյանը, բեմադրող նկարիչը՝ Ռաֆայել Խաչատրյանը: Մենակատարներն են Սիլվա Պետրոսյանը, Ֆերդինանդ Մուրադյանը, Հովհաննես Անդրեասյանը: