Վահրամ Դումանյանն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության դեսպանին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկանում ենք նախարարության պաշտոնական կայքից:
Հանդիպմանը Վահրամ Դումանյանը բարձր է գնահատել երկու երկրների միջև համագործակցություն և ընդգծել, որ Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը նշանավորվում է երկկողմ և բազմակողմ ձևաչափերով ընդլայնվող ու խորացող բարեկամական հարաբերություններով, Հայաստանի գրեթե բոլոր առաջատար բուհերի և Ղազախստանի գործընկեր կառույցների հետ համագործակցությամբ:
Դեսպան Բոլատ Իմանբաևը նշել է՝ երկու երկրներն ունեն հարաբերությունների հետագա զարգացման մեծ ներուժ, որոնց համար հիմք են հանդիսանում կրթության և գիտության, ինչպես նաև սպորտի ու մշակույթի ոլորտներում համագործակցության մասին միջպետական համաձայնագրերը:
Կողմերը գիտության ոլորտում համագործակցությունը զարգացնելու պատրաստակամություն են հայտնել՝ գիտական նոր ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման առումով, ինչպես նաև կարևորել մշակույթի և սպորտի ոլորտներում համատեղ միջոցառումներ կյանքի կոչելու անհրաժեշտությունը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Ղազախստանում հայկական սփյուռքի արդյունավետ գործունեությանը: