Երբ շատ մութ է, մոմեր եմ վառում, դա ինձ հիշեցնում է կրակ, որ մեջս ունեմ. Զազը խոսեց հայերեն, իսկ անմոռանալի էմոցիաներ պարգևեց «Ազնավուրի լեզվով» երգերով (տեսանյութ)
Երեկ՝ հունիսի 25-ին Երևանում մեծ շուքով ազդարարվեց «Հայա» փառատոնի մեկնարկը՝ ֆրանսիացի երգչուհի Զազի մենահամերգով:
Համերգը մեկնարկեց երիտասարդ երգիչ Պարգի կատարումներով, այնուհետև շարունակվեց Հայաստանը «Եվրատեսիլ 2022»-ում ներկայացրած Ռոզա Լինի երգերով:
Ժամը 21:00-ին արդեն «Հրազդան» մարզադաշտում հավաքված հանդիսատեսը հնարավորություն ստացավ վայելելու երգչուհու անհավանական էներգետիկան: Զազը բեմ բարձրացավ հանդիսատեսի միջով և բուռն ծափահարությունների ներքո:
Երգչուհին իր անզուգական կատարումներն ընդմիջում էր հայերեն հուշարարից տեքստեր ընթերցելով, ինչը ջերմորեն էր ընդունվում հայ հանդիսատեսի և «Հրազդանում» ներկա զբոսաշրջիկների կողմից:
«Երբեմն լավ է, որ մենք մեզ կորցնենք, որպեսզի իմանանք` ով ենք ու վերածնվենք,- դժվարությամբ, բայց համառելով կարդաց նա:
«Ես պաշտում եմ կրակը, երբ շատ մութ է, մոմեր եմ վառում, դա ինձ հիշեցնում է կրակ, որ մեջս ունեմ»,- ասաց երգչուհին:
Հնչեցին Զազի ամենահայտնի երգերից Je Veux, Qué vendrá-ն, իսկ Ազնավուրի La Boheme-ն երգելիս նրան ուղեկցեց Կամո Սեյրանյանի անզուգական դուդուկը:
Երեկոն իսկապես աստղային էր, իսկ ջազասեր-զազասեր հանրությունը «Հրազդանից» հեռացավ էմոցիաներով, որոնք գուցե տարիներով չեն մոռացվի:
Հիշեցնենք, որ փառատոնի շրջանակներում հուլիսի 1-ին Հայաստանում ելույթ կունենա աշխարհահռչակ ռեփեր 50 Cent-ը, հուլիսի 9-ին՝ Led Zeppelin Symphonic նախագիծը։ Առաջիկա համերգները նույնպես տեղի կունենան «Հրազդան» մարզադաշտում:
Հանդիսատեսի շարքերից՝
Աստղիկ Հովհաննիսյան