Մեծ Շեն գյուղում ադրբեջանցիները քանդել են հայերի տներն ու ճամփա բացել գյուղի միջով (տեսանյութ)
Եռակողմ հայտարարությամբ երեք տարվա ընթացքում Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ պիտի հաստատվեր։ Այս եռակողմ համաձայնությունից մեկ ամիս էլ չանցած՝ Ադրբեջանի նախագահն արդեն հայտարարում էր, որ կառուցելու են Լաչինի միջանցքին փոխարինող ճանապարհը: Ու թեև Հայաստանի իշխանությունները շարունակում են պնդել, թե իբր պետք չէ ուշադրություն դարձնել Ալիևի զառանցանքներին, սակայն փաստերը ցույց տվեցին, որ այս իշխանությունների օրոք Ալիևի բոլոր «զառանցանքներն» ու մի ժամանակ նրան երազանք թվացող ցանկությունները կյանքի կոչվեցին․․․
Այսօր արդեն քանդվում են հայկական գյուղերը:
Ալիևի նախանշած Լաչինի միջանցքին փոխարինող ճանապարհն անցնում է Սյունիքի Տեղ, Կոռնիձոր գյուղերով, մտնում Արցախ՝ Բերդաձորի ենթաշրջանի Հին Շեն, Մեծ Շեն գյուղերով:
NEWSPRESS.am-ի տեղեկություններով ադրբեջանցիները մտել են Մեծ Շեն գյուղ և քանդել շինություններ՝ ճամփա բացելու համար։
Մեզ փոխանցել են տեսանյութ սիրիահայ մեր հայրենակիցները։
«Սիրիահայ եմ և մի տարի է, որ ընտանիքիս հետ հաստատվել ենք Շուշիի շրջանի Մեծ Շեն գյուղում»,- մեզ հետ զրույցում ասաց նա։ Մեր զրուցակցի ուղարկած տեսանյութում երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները բանակցում հայերի հետ ու համոզում քանդել եկեղեցին կամ տները՝ ճանապարհի համար։
Հաջորդ տեսարանում արդեն երևում է, թե ինչպես են նրանք քանդում շինությունները․․․
Տեսանյութը մեզ փոխանցած սիրիահայ քաղաքացին նշել է նաև, որ ադրբեջանցիների հետ նաև գյուղացիներին են մոտեցել ոստիկաններ և պնդել, որ ամեն ինչ օրինակ է։
«Թուրքի գործն ավելի են հեշտացնում ու մեր գյուղի տները մերոնք են քանդում, որ ճանապարհը շուտով բացեն ու Լաչինը ճիշտ ժամանակին հասցնեն թուրքին․․․ և տենց էլ արեցին՝ տները քանդեցին ու ճանապարհը բացեցին»,- ասաց նա։
Հարկ է նկատել, որ Մեծ Շենը Շուշիի շրջանի 8 գյուղերից մեկն է: Արցախյան երկրորդ պատերազմից առաջ Մեծ Շենում ապրել է 30 ընտանիք՝ 114 մարդ։ Պատերազմից հետո պատկերը փոխվել է․ գյուղը 40 բնակիչ ունի: Չորս ընտանիք՝ 16 ներքին տեղահանված անձինք են Քաշաթաղի շրջանից գյուղ տեղափոխվել:
Դեռ վերջերս, գյուղի ղեկավար Դավիթ Դավիդյանը նշել էր, թե մտածում են ինչպես անել, որ մարդիկ հետ գան։ Իսկ այսօր արդեն գյուղը, բառի ամենաուղիղ իմաստով, քանդվում է։
Արմինե Մկրտումյան