«Հետաքննություն է գնում»․ Աշտարակի ԲԿ-ից հրաժարվեցին տեղեկացնել պայթյունի հետևանքով տուժածների վիճակի մասին
Այսօր՝ հուլիսի 6-ին, առավոտյան ժամը 09:07-ին Աշտարակ քաղաքի բանկերից մեկում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ:
Պայթյունի հետևանքով տուժած 5 քաղաքացի տեղափոխվել է Աշտարակ քաղաքի ԲԿ:
NEWSPRESS.am-ը փորձեց պարզել, թե ինչ վիճակում են տուժածները։ Անմիջապես զանգահարեցինք ԲԿ տնօրենի ընդունարան, որտեղից լսվեց տղամարդու ձայն, որն այդպես էլ պարզ չդարձավ, թե ում է պատկանում։ Հիշյալ բուժաշխատողը, ըստ ամենայնի, հենց տնօրենն էր (Արգիշտի Հովհաննիսյան), ում հետ հեռախոսազրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ։
-Բարև Ձեզ։
-Բարև։
-Newspress.am-ից են Ձեզ զանգահարում ․․․․ (հեռախոսի այն կողմից լսվող ձայնն անմիջապես ընդհատեց)
-Մենք ահավոր զբաղված ենք։ Հետաքննություն է գնում, որևիցե ինֆորմացիա չենք կարող տալ։
-Չե՞ք կարող գոնե ասել, թե ինչպես է տուժածների վիճակը։
—Ո՛չ, հետաքննություն է գնում։
-Ի՞նչ կապ ունի հետաքննությունը տուժածների վիճակի հետ․․․
Այս հարցը սակայն մնաց անպատախան, քանի որ հեռախոսն արդեն անջատված էր։
Թե ինչու է գաղտնի պահվում բանկի պայթյունի հետևանքով տուժածների վիճակը, պարզ չէ։ Հատկապես, որ նման դեպքերում հիվանդանոցից, եթե անգամ մանրամասն չեն պարզաբանում, ապա գոնե միշտ ներկայացնում են, թե ինչ վիճակով են ընդունել քաղաքացուն։
Արմինե Մկրտումյան