Էստոնիայի վարչապետը հայտարարել է` ապաստան չի տրամադրի ռուսաստանցիներին
Էստոնիան մտադիր չէ ապաստան տրամադրել ռուսաստանցիներին, որոնք ցանկանում են խուսափել մասնակի մոբիլիզացիայից, եւ նրանց առաջարկում է հայրենիքում զբաղվել հակապատերազմական գործունեությամբ, հայտարարել է վարչապետ Կայա Կալլասը:
«Մենք այստեղ ընդունում ենք ուկրաինացի փախստականներին պատերազմից։ Յուրաքանչյուր քաղաքացի պատասխանատվություն է կրում իր երկրի գործողությունների համար, դա վերաբերում է նաեւ Ռուսաստանի քաղաքացիներին: Այնպես որ, մենք ոչ մի ապաստան չենք տրամադրում։ Դա հիմք չէ ապաստան տալու ռուս տղամարդկանց, որոնք փախչում են երկրից։ Նրանք պետք է հանդես գան եւ հայտարարեն, որ դեմ են այդ պատերազմին», - ասել է նա CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Էստոնիան ավելի վաղ Մերձբալթյան տարածաշրջանի հարեւանների հետ փակել է իր սահմանները ռուսաստանցիների համար, գրում է ՌԻԱ Նովոստին:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել «Ռուսաստանի Դաշնությունում մասնակի զորահավաք հայտարարելու մասին»: Հրամանագրի համաձայն՝ մարզերի ղեկավարներին հանձնարարվել է պաշտպանության նախարարի սահմանած քանակով եւ ժամկետներում ապահովել մասնակի զորահավաքային ծառայության զորակոչը: