Դա սուտ է․ Պեսկովը՝ մոտ 1 միլիոն մարդու զորահավաքի մասին
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կեղծ տեղեկություններ է անվանել այն լուրը, որ մասնակի զորահավաքի մասին հրամանագիրը նախատեսում է մինչև մեկ միլիոն մարդու զորահավաք: Այս մասին գրում է TACC-ը։
Նախկինում «Новая Газета. Европа»-ն՝ վկայակոչելով նախագահի աշխատակազմի անանուն աղբյուրին, ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մոբիլիզացիայի մասին հրամանագրի փակ յոթերորդ կետը, իբրև թե թույլ է տալիս պաշտպանության նախարարությանը զորակոչել 1 միլիոն մարդ։
«Դա սուտ է»,- համապատասխան հարցին կարճ պատասխանել է Կրեմլի խոսնակը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դիմել է քաղաքացիներին, որում մասնակի մոբիլիզացիա է հայտարարել։ Համապատասխան հրամանագիրն արդեն ստորագրված է։ Նախագահի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունում մասնակի զորահավաքի շրջանակներում զորակոչի կենթարկվեն միայն պահեստազորի քաղաքացիները, առաջին հերթին նրանք, ովքեր փորձ ունեն։