Իրանի տարբեր քաղաքներում տեղի ունեցած զանգվածային ցույցերի ժամանակ առնվազն 31 մարդ է զոհվել. «Իրանի Մարդու իրավունքներ» կազմակերպություն
Իրանում առնվազն 31 խաղաղ բնակիչ է սպանվել երկրի անվտանգության ուժերի կողմից՝ մի քանի օր տարբեր քաղաքներում շարունակվող զանգվածային բողոքի ցույցերի ժամանակ, որոնք բռնկվել են բարոյականության ոստիկանության կողմից 22-ամյա Մահսա Ամինիի ձերբակալությունից և դրան հաջորդած մահից հետո: Զոհերի մասին տվյալները հայտնել է Օսլոյում գործող «Իրանի Մարդու իրավունքներ» հասարակական կազմակերպությունը, գրում է english.alarabiya.net-ը:
Իրանում ցույցերի պատճառը 22-ամյա Մահսա Ամինիի մահն է, ում Իրանի խիստ իսլամական դրես կոդի պահպանմանը հետևող ոստիկանները բերման են ենթարկել, ապա, Daily Mail պարբերականի պնդմամբ՝ աղջկան քարշ են տվել դեպի ծառայողական մեքենա ու, ըստ տեղեկությունների, կտտանքների ենթարկել նրան: Ըստ ակտիվիստների՝ աղջիկը ոստիկանական բաժանմունքում ուժեղ հարված է ստացել գլխին:
Վերջին տարիների ընթացքում Իրանում ամենալուրջ բողոքի այս հակակառավարական ցույցերը տարածվել են Թեհրան, Մաշադ, Համեդան, Թավրիզ, Արաք, Ռաշթ, Քազվին, Զանջան և Իլամ քաղաքներում: