Ֆրանսիայի նախագահը Ալիևի հետ զրույցում կրկնել է ՀՀ տարածքային ամբողջականությունը հարգելու պահանջը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել: Մակրոնը ևս մեկ անգամ հիշեցրել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը հարգելու մասին ավելի վաղ հայտնած իր պահանջը։
Այս մասին հայտնում է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ այս զրույցը հաջորդել է սեպտեմբերի 26-ին Ելիսեյան պալատում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպմանը և տեղի է ունեցել ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ։
«Ֆրանսիայի նախագահը կրկնել է ադրբեջանցի գործընկերոջն ուղղված իր կոչը՝ վերադառնալ հրադադարին և ուժերը պահել իրենց սկզբնական դիրքերում։ Վերջին օրերի բախումների հետևանքով կան բազմաթիվ զոհեր։ Նա նաև հիշեցրել է իր պահանջը՝ հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը»,- նշված է Ելիսեյան պալատի տարածած հայտարարության մեջ:
Մակրոնը նաև տեղեկացրել է Ալիևին ՀՀ վարչապետ Փաշինյանի՝ չլուծված հարցերի շուրջ բանակցությունները շարունակելու պատրաստակամության մասին։ Ֆրանսիայի նախագահն ընդգծել է այդ բանակցություններին նպաստելու Ֆրանսիայի պատրաստակամությունը։