Վրաստան մուտք գործող ՌԴ քաղաքացիների թիվը նվազել է. ՆԳՆ
Մեկ օրվա ընթացքում Վրաստան է մուտք գործել Ռուսաստանի 6109, դուրս է եկել՝5186 քաղաքացի։ Սրանք ՆԳՆ-ի տվյալներն են սեպտեմբերի 29-ի ժամը 10:00-ից մինչև սեպտեմբերի 30-ը ժամը 10:00-ն ընկած ժամանակահատվածի համար։
«Դարյալի սահմանային անցակետով ուղևորների հոսքը զգալիորեն նվազել է, Վրաստանի բոլոր անցակետերում նույնպես կրճատվել է սահմանը հատող ՌԴ քաղաքացիների թիվը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Միաժամանակ սեպտեմբերի 28-ից 29-ն ընկած ժամանակահատվածում Վրաստան է մուտք գործել Ռուսաստանի 9642, իսկ երկրից դուրս է եկել ՌԴ 5448 քաղաքացի։
«Միևնույն ժամանակ «Դարյալ» սահմանային անցակետում բեռնատարների և մարդատար ավտոմեքենաների երթևեկությունը վերադարձել է բնականոն հուն, ինչի արդյունքում ամբողջությամբ վերականգնվել է տարանցիկ երթևեկությունը, որը դժվարացել էր վերջին օրերին»,- նշված է հաղորդագրության մեջ։