Խաղողը գետնին չի մնա․ Էկոնոմիկայի նախարար
Մեր կատարած աշխատանքի արդյունքում խաղողագործների 80%-ը իրենց հարցերը լուծել է մինչև հուլիսի 1-ը, բոլորը պայմանագրերը կնքել են։ Անդրադառնալով խաղողի մթերման ցածր գներին և խաղողագործների բողոքի ակցիաներին, ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նրա խոսքով՝ խնդրի մյուս մասը հետաձգվել է, որովհետև որոշ ընկերություններ կարիք չունեն պետական աջակցման ծրագրի, և իրենք իրենց սեփական ծրագրերով են գնում առաջ, այդտեղ երկու խոշոր ընկերություններն են՝ Երևանի կոնյակի գործարանը և «Նոյ» կոնյակի գործարանը։
«Այս երկու ընկերությունները երբեք չեն օգտվում մեր ծրագրերից և առաջնորդվում են իրենց սեփական քաղաքականությամբ։ Մյուսները մեծ մասամբ լուծել են իրենց խնդիրները։ Այսօր մենք վստահություն ունենք, որ ծավալի հետ կապված խնդիրներ չեն առաջանա, այսինքն խաղողը գետնին չի մնա։ Մենք կարծում ենք, որ գնային առումով ամեն ինչ արել ենք»,- նշեց Քերոբյանը և հավելեց, որ հաջորդ տարվա համար կառավարությունը ունի ավելի լայն գործիքակազմ առկա խնդիրները լուծելու համար։