Նման խոսակցություն չկա ու չի էլ կարող լինել․ Ալեն Սիմոնյանը՝ ՀԺ-ում տեղ գտած հրապարակման մասին
Չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ Հայաստանից 100 միլիոնովոր դոլարներ են վերցրել ու զենք չեն մատակարարում, վերաբերում է Ռուսաստանին:
Այս մասին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Կառավարության նիստում Փաշինյանի հայտարարությանը։
Համենայնդեպս, Ալեն Սիմոնյանը չի տիրապետում այնպիսի ինֆորմացիայի, ըստ որի Ռուսաստանը գումար է վերցրել ու զենք չի մատակարարել։
«Կարծում եմ՝ եթե նման բան կա, միգուցե, դա կարող է պայմանավորված լինել Ուկրաինայում տեղի ունեցողի հետ»,- ասաց նա։
Ամեն դեպքում, Ալեն Սիմոնյանը նշեց, որ երբ պաշտոնական այցով մեկնի Մոսկվա, անպայման քննարկելու է այդ հարցը»:
Ինչ վերաբերում է ՀԺ-ում տեղ գտած հրապարակմանը՝ կապված ՌԴ-ի հետ, ապա Սիմոնյանը վստահեցնում է՝ Ռուսաստանը Հայաստանի առաջ Միութենական պետության մաս դառնալու պահանջ չի դրել:
«Նման որևիցե խոսակցության ես իմ ռուս գործընկերների հետ ականատես չեմ եղել, նման խոսակցություն չկա ու չի էլ կարող լինել»,- ասաց Ալեն Սիմոնյանը:
Դիտարկմանը՝ գուցե կա նման խոսակցություն՝ ինքը չգիտի, ԱԺ նախագահն արձագանքեց. «Բացառում եմ, որ նման բան լինի ու ես չիմանամ»:
Հիշեցնենք, որ Փաշինյանների ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթի Armtimes.com կայքը գրել էր, թե «Ռուսաստանը Հայաստանից համարյա ուզում է այն, ինչ ուզում է Ուկրաինայից, որ այն դառնա «Ռուսաստան-Բելառուս» միութենական պետության կամ Ռուսաստանի մաս»։