Եթե պետք է՝ պատրաստ եմ Սոչիում փաստաթուղթ ստորագրել, որ ռուս խաղաղապահների ներկայությունը ԼՂ-ում երկարացվի 10-20 տարով. Փաշինյան
Հանրության շրջանում փորձ են անում տպավորություն ստեղծել , թե ԼՂ հարցով կա ռուսական առաջարկ, որը դրական է Հայաստանի համար ու կա արևմտյան առաջարկ, որը բացասական է Հայաստանի համար: ՔՊԿ 6-րդ համաժողովի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
«Մենք պետք է իմանանք, թե, ի վերջո, ինչ են անում ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում. Ռուսաստանն իր առաջարկները հետեւողական եւ պինդ պաշտպանո՞ւմ է, թե չի պաշտպանում»,-ասաց նա:
Փաշինյանը նշեց, թե սեպտեմբերին Հայաստանը համաձայնություն է տվել ռուսական պլանի իրագործմանը:
«Ես ասում եմ, որ երկուշաբթի օրը Սոչիում կայանալիք հանդիպմանը պատրաստ եմ պաշտոնապես ընդունել, ստորագրել 15 կետերի հիման վրա համաձայնության հասնելու փաստաթուղթը, այսինքն՝ այդ փաստաթուղթն ընդունել հիմք Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար», - ասաց Փաշինյանը:
Նա հայտարարեց՝ պատրաստ է Սոչիում ստորագրել փաստաթուղթն ու ընդունել, որ ռուս խաղաղապահների ներկայությունը Լեռնային Ղարաբաղում երկարացվի 10-20 տարով:
«Ես պատրաստ եմ այդ թուղթը ստորագրել: Ես առաջարկում եմ, որ ՌԴ նախագահն այդ առաջարկով հանդես գա, եթե պետք է՝ ես հանդես կգամ այդ առաջարկով, բայց Ռուսաստանը պիտի պաշտպանի այդ առաջարկը, որովհետև ես չեմ կարող որոշել, որ ՌԴ խաղաղապահները այնտեղ պետք է մնան ինչ-որ ժամկետով։ Դա եռակողմ թուղթ է ու եթե մենք ու Ռուսաստանը համաձայնվենք, կլինենք մեծամասնություն», - ընդգծեց Հայաստանի վարչապետը: