Նորանշանակ գլխավոր դատախազը փորձել է Յուրի Խաչատուրովի որդուն կալանավորել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ նորանշանակ գլխավոր դատախազը փորձել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդուն կալանավորել:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ հոկտեմբերի 25-ին ՀՀ վճռաբեկ դատարան է դիմել գլխավոր դատախազի տեղակալը և պահանջել, որ դատարանը Խաչատուրովի որդուն կալանավորի, սակայն ՀՀ վճռաբեկ դատարանը մերժել է նորանշանակ դատախազի տեղակալի բողոքը: Ինչպես հայտնի է, այս տարվա մայիսի 20-ին ՀՀ քննչական կոմիտեն կալանավորեց Յուրի Խաչատուրովի որդուն, որը 2 ամիս անց՝ կալանքի տակ մնալուց հետո՝ հուլիսի 11-ին, դատարանի դահլիճից ազատ արձակվեց՝ 1 միլիոն դրամ գրավի դիմաց:
Ներկայումս նրա գործով դատական նիստերը շարունակվում են: Հիշեցնենք, որ, ըստ նախաքննական մարմնի, 2022թ. մայիսի 17-ին՝ ժամը 08.30-ի սահմաններում, անհնազանդության ակցիա իրականացնող մի խումբ քաղաքացիներ փակել էին Երեւան քաղաքի Կիևյան փողոցի 15 հասցեի դիմացի երթևեկելի հատվածը՝ այդկերպ խոչընդոտելով այլ քաղաքացիների ազատ տեղաշարժը:
Նշված վայրում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության աշխատակիցները, իրականացնելով հասարակական կարգի պահպանություն, հորդորել էին ազատել փողոցի բանուկ հատվածը, սակայն անհնազանդության ակցիայի մասնակիցները չէին ենթարկվել ոստիկանության աշխատակիցների՝ փողոցն ազատելու և երթևեկությունը վերականգնելու օրինական պահանջներին, ինչի կապակցությամբ ակցիայի մասնակիցներից մի քանիսը բերման էին ենթարկվել:
Այդ ընթացքում Իգոր Յուրիի Խաչատուրովը ակցիայի մեկ այլ մասնակցի հետ խոչընդոտել էր փողոցն ազատելու և անձանց բերման ենթարկելու ՀՀ ոստիկանության տեսուչի գործողություններին, նրա նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն էր գործադրել՝ բռունցքով մի քանի անգամ հարվածելով նշված աշխատակցի կրծքավանդակի եւ որովայնի հատվածներին: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Իգոր Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ ոստիկանի օրինական պահանջները չկատարելը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: