Նախկին ԲՀԿ-ական Ջանոյի գազալցակայանը գնել է «Մոնակո գրուպ»-ը. հայտնի է սեփականատերը (հարցում)
Լուսանկարում՝ Ֆրանց Հակոբյանը
NEWSPRESS.am-ի հիմնադիր Արիանա Հովսեփյանն օրերս ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել այն մասին, որ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանը վաճառել է իրեն պատկանող գազալցակայանը և ակնարկել, որ այն իրականում գնել է ՔՊ-ականներից մեկը:
«Նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Ջանոյի ԱԳԼՃԿ-ն ո՞վ է գնել, կարողա՞ իմանաք: Այն գտնվում է Զովունիում: Գնել են 1.200.000$-ով: Ասում են՝ ՔՊ-ական է»,- գրել էր Հովսեփյանը:
Միևնույն ժամանակ NEWSPRESS.am-ը հարցում էր ուղարկել Պետեկամուտների կոմիտե՝ «Խնդրում ենք ուղարկել տեղեկություն, թե ո՞ւմ անունով է գրանցված Զովունի 1 փողոց, 142/7 հասցեու տեղակայված ԱԳԼՃԿ-ն:
Այսօր «Հրապարակ» օրաթերթը գրել է, որ այն իրականում գնել են քրեական հեղինակություն Ճվճվ Արոյի որդիները՝ Սարգիս ու Սերժ Վարդանյանները՝ «Տրանսգազի» տնօրեն Նիկոլայ Գաբրիելյանը՝ Գազի Կոլյայի թոռները:
Եվ ահա, ՊԵԿ-ից մեզ պատասխանել է Հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության պետ Կարինե Ներսիսյանը: Հարցման պատասխանից պարզ է դարձել, որ նշված հասցեում նոյեմբերի 28-ի դրությամբ հաշվառված է «Մոնակո գրուպ» ՍՊԸ-ն:
NEWSPRESS.am-ին հայտնի է դարձել, որ «Մոնակո գրուպ» ՍՊԸ-ի տնօրենը Ֆրանց Հակոբյանն է: